Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է կոմայի մեջ գտնվող աղջկա ծնողներին

Նոյեմբեր 24,2014 14:30

15 օր է՝ ընտանիքը սթրեսի ու ապրումների մեջ է, քանի որ չի կարողանում մուտքի արտոնագիր ստանալ, որպեսզի հասնի կրիտիկական վիճակում գտնվող աղջկան:

Տարբեր առիթներով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան վստահեցնում է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագրով եվրոպական երկրների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կոնկրետ քաղաքացիների համար հեշտացվել է, պարզեցվել է մուտքի արտոնագրի համար դիմելու կապակցությամբ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման գործընթացը եւ այլն: Այդ արտոնյալ խմբերի մեջ մտնում են նաեւ առողջության հետ կապված հարցեր ունեցող ՀՀ քաղաքացիները:

Սակայն ինչպես օրերս Հայաստանում գործող Ֆրանսիայի դեսպանատունն է վարվել Ղազանչյանների ընտանիքի հետ՝ ոչ միայն պատվիրակության ղեկավարի խոսքերն է ի չիք դարձնում, այլեւ բարոյականության, խղճի ու ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում:

15 օր է՝ Մարիետա Ղազանչյանի դուստրը՝ Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանը, Ֆրանսիայի կլինիկաներից մեկում կոմայի մեջ պառկած է, գիտակցության չի գալիս, չի խոսում: Այդքան օր է՝ ֆրանսիացի բժիշկները օր ու գիշեր պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար: Նրան կոմայից հանելու համար բժիշկներն ամեն հնարավոր միջոցի դիմում են, անգամ երեք ամսական երեխային են ամեն օր մոր մոտ բերում, լացացնում, որ գոնե երեխայի ձայնից մոր գիտակցությունը վերականգնվի:

Ռուզաննային Ստրասբուրգի հիվանդանոց են տեղափոխել ուշագնաց վիճակում, արհեստական շնչառության ապարատով եւ այդ օրվանից ուշքի չի գալիս: Կլինիկայի պրոֆեսորը Ռուզաննայի ամուսնուն փոխանցել է, որ պետք է շտապ Ֆրանսիա ժամանեն Ռուզաննայի ծնողները, քանի որ իրենց պրակտիկայում բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, երբ ծնողների ներկայությունից, խոսքերից ու հիվանդի հետ զրուցելուց մարդիկ կոմայից դուրս են եկել: Ռուզաննայի դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին: Նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի հիվանդանոցից պրոֆեսորը զանգահարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ տեղեկացնելով, որ ծնողները պետք է աղջկա կողքին լինեն: Պրոֆեսորը ֆաքսով դեսպանատանն է ներկայացրել նաեւ Ռուզաննայի ախտորոշումը:

Դեսպանատանն ուղղված փաստաթղթում բժիշկը նաեւ գրել է՝ «Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանի առողջական ծանր, կրիտիկական վիճակից ելնելով՝ պահանջում ենք նրա ծնողներին»:

Տիկին Մարիետայի խոսքերով՝ Ռուզաննայի ամուսինը, որը Ֆրանսիայում օրինական ապրելու իրավունք ունի եւ ԶԱԳՍ-ով ամուսնացած է իր դստեր հետ, հորդորել է Ռուզաննայի ծնողներին անձնագրով եւ լուսանկարներով դիմել Ֆրանսիայի դեսպանատուն, քանի որ նման դեպքեր եղել են, եւ այլ երկրներում Ֆրանսիայի դեսպանատները արագ արձագանքել են ու աջակցել:

«Այդպես էլ արեցինք: Երկուշաբթի գնացինք դեսպանատուն, դեսպանատնից ասացին՝ սպասեք, կկանչենք: Ամբողջ օրը սպասեցինք, չկանչեցին: Երեքշաբթի ժամը 11-ի համար ժամ վերցրինք, որ մտնենք դեսպանատուն՝ միայն մեր անձնագրով եւ նկարով: Մեզ ասացին, որ մեր խնդրին տեղյակ են, որ Ֆրանսիայից ստացել են պրոֆեսորի նամակը, բայց մենք պետք է փաստաթղթեր ներկայացնենք, որոնք պահանջվում են տուրիստական շրջագայության համար: Եվ այդ փաստաթղթերից մեկը պետք է լինի բանկում եղած մեր հաշվի մասին տեղեկանքը՝ երեք ամսվա շարժով: Մեզ ասացին, որ մեր հարցը արտակարգ դեպք է, եւ մեզ շատ չեն քննի»:

Մարիետա Ղազանչյանն ու նրա ամուսինը մի քանի կարեւոր թղթեր՝ աշխատանքից տեղեկանք, ամուսնության վկայական, Հայաստանում մնացող որդու անձնագիրը, առողջության ապահովագրում, ամրագրված տոմսը եւ այլն ներկայացրել են:
Տիկին Մարիետայի պատմելով՝ նոյեմբերի 13-ին կրկին մտել են դեսպանատուն, որտեղ նրանց տեղեկացրել են, թե գործին լավ ծանոթ են եւ որպես մարդասիրական ժեստ՝ մուտքի արտոնագրի համար նախատեսված գումարը չեն գանձում: Ամուսիններին օրերով չսպասեցնելու համար հարցազրույց անցկացնող կինը հորդորել է նույն օրն էլ ներկայանալ՝ պատասխանը ստանալու:

«Ասաց՝ քանի որ ձերը արտառոց դեպք է, չենք թողնում մի քանի օր անցնի:
Եկանք, բայց մեզ չպատասխանեցին, ասացին՝ ձեր գործը բարդ է, եւ հյուպատոսը կամուկացի մեջ է, գնացեք՝ վաղը կգաք»,- ասաց տիկին Ղազանչյանը:

Դեսպանատան պատասխանին սրտատրոփ սպասող ամուսիններին հաջորդ օրը հայտնել են՝ դուք երկուսդ էլ մերժվել եք: Պատճառաբանել են՝ փաստաթղթերը պակաս են:
«Սա արտակարգ դեպք է, տուրիստական շրջագայություն չէ: Եթե իմանայինք նման դժբախտ դեպք է լինելու, երեք ամիս առաջ բանկում գումար կդնեինք, ինչո՞վ է տարբերվում դժբախտ դեպքը տուրիստական շրջագայությունից»:
Տիկին Մարիետայի խոսքերով՝ երբ մերժման մասին տեղեկացրել են կլինիկային, Ֆրանսիայի բժիշկները զարմանք են հայտնել:

Մերժումը ստանալուց հետո տիկին Մարիետան պահանջել է փոխհյուպատոսի հետ հանդիպում, սակայն դեսպանատան աշխատակիցը պատճառաբանել է, որ փոխհյուպատոսը խիստ զբաղված է եւ չի կարող մեզ ընդունել:

«Մեզ ասացին՝ ստորագրեք, որ մերժվել եք, բայց ես չեմ ստորագրել: Ես համաձայն չեմ նրանց շաբլոն պատասխանի հետ, որը բոլորին են տալիս մերժման դեպքում, ես տուրիստական ճամփորդության չեմ գնում, դժբախտ դեպք է տեղի ունեցել, եւ ես պետք է իմ երեխայի կողքին լինեմ: Դեսպանատունը թույլ չտալով՝ նաեւ խախտում է ծնողի իմ իրավունքը: Հարցը աղջկաս առողջությանն է վերաբերում, ես կասկածում եմ, որ իմ փաստաթղթերը հյուպատոսը նայել է»,- ասում է տիկին Մարիետան:

Դեսպանատան աշխատակցի խորհրդով տիկին Մարիետան նոյեմբերի 18-ին հյուպատոսին էլեկտրոնային հասցեով նամակ է գրել՝ իրենց հարցը վերանայելու խնդրանքով: Ամսի 19-ին դիմել է դեսպանատուն՝ իր նամակի ճակատագիրն իմանալու, դեսպանատնից հայտնել են, որ եթե դրական լինի պատասխանը, ապա 10 օրվա ընթացքում կստանա, եթե ոչ՝ ոչ մի պատասխան էլ չի գա:

Ամուսինները ճարահատյալ դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծ: Նրանց բողոքը լսել են եւ դիմումը վերահասցեագրել նախարարության հյուպատոսական բաժնին, այնտեղ էլ պարզվել է, որ բաժնի ղեկավարը գործուղման է եւ եկող շաբաթ միայն կարող է քննել ամուսինների դիմումը:

«Ինձ նախարարությունից ասում են՝ մենք դեսպանատան վրա ազդելու լծակներ չունենք, ես էլ ասում եմ՝ սա արտակարգ դեպք է, բա ինչո՞վ պետք է դուք ՀՀ քաղաքացու շահերը պաշտպանեք, եթե ոչ՝ այսպիսի հարցերում: Որպես ծնող՝ իմ իրավունքները ոտնահարվում են: Գոնե ծնողներից մեկնումեկին թույլ տան: Ախր ես չեմ դիմում հարսանիք գնալու համար, ոչ էլ մտադրություն ունեմ Հայաստանից գնալու: Փառք Աստծո, աշխատանք ունենք, նորմալ ապրում ենք, եթե ես նման մտադրություն ունենայի, բանկերի հետ գործարք կանեի»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930