Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտությունը նոր փուլ է մտել». քաղաքագետ

Նոյեմբեր 24,2014 11:40

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դուրս հանումը քաղաքական նոր իրավիճակ է փոխել հայ-ադրբեջանական հարաբերություններում:

«Բանակցային այն փուլը, որը սկսվեց Սոչիում՝ Պուտինի միջնորդությամբ ու ավարտվեց Փարիզում՝ Օլանդի միջնորդությամբ, ցույց տվեց, որ դարձյալ ապարդյուն էր: Չնայած, որ Ադրբեջանի նախագահը այլ երկրների առաջնորդների ներկայությամբ խոստումներ էր տալիս, նույնիսկ Փարիզում հայտարարեց, որ տեսնում է բանակցային գործընթացի շարունակությունը բացառապես Մինսկի խմբի ձեւաչափում»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ուղղաթիռի որոշ մասերի եւ օդաչուների դիերը դուրս բերելու ողջ գործողությունը իրականացրել են հատուկ ջոկատայինների չորս հոգանոց խումբ՝ օգտագործելով երեք օդային սարք, դրանցից մեկն առաջին անգամ է կիրառվել: Այդ գործողությունը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանմամբ, Ադրբեջանն իր գործողություններով փակել է բանակցություններով խնդրի լուծման հնարավորությունը. «Հակամարտությունը նոր ձեւ է  ստացել, հատուկ ջոկատայինների հակամարտություն է սկսվել: Այս իրավիճակում շարունակական գործողություններ են լինելու թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, ինչին դա կհանգեցնի դժվար է  ասել, բայց տեսնում ենք, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի վրա ազդելու լուրջ գործիքակազմ չունի: Հարաբերական այս անդորրը պահպանվում է հայկական զինված ուժերի  մարտունակության եւ թշնամուն հակադարձելու միշտ պատրաստ լինելու շնորհիվ: Հակամարտության նոր փուլը նաեւ պատերազմի նոր փուլ է, ու կհաղթի այն կողմը, որը ավելի զգոն կլինի սահմանին»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, հայկական կողմն ամեն ինչ անում է, որ բանակցային գործընթացը մնա Մինսկի խմբի ձեւաչափում. « Հայաստանը փորձելու է Մինսկի խումբը միակ միջազգային օղակ պահպանել, այլ  հարց է, թե ինչպես կպահի իրեն Ադրբեջանը, որովհետեւ վաղուց փորձում են կազմաքանդել այդ ձեւաչափը՝ հասկանալով, որ քաղաքական լուծում չունի: Ադրբեջանը փորձում է եւ ավելի շատ կողմերի ներառել առեւտրի մեջ տարածաշրջանում խաղաղությունը պահելու համար: Ադրբեջանը շատ կցանկանար տեսնել Թուրքիայի դերակատարումը, այլ երկրներ, որոնք տարածաշրջանում էներգետիկ հետաքրքրվածություն եւ այլ հնարավորություններ ունեն, հնարավորինս շատ կողմեր, որոնց հնարավոր կլինի ինչ-որ բան վաճառել: Բայց Մինսկի խմբի եռանախագահների վճռականությունն ու Հայաստանի ջանքերը թույլ կտան պահպանել այդ ձեւաչափը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել են մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։

Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։   Փառք մեր տղաներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930