«Լեռնային Հայաստան» առողջարանում նոյեմբերի 18-20-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն անցկացնում էր «Հակամարտությունների հաղթահարում եւ շահերի պաշտպանություն» դասընթացների շարք, որին մասնակցում էին կանայք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Կանանց միավորում էր մի հանգամանք: Նրանց բոլորի որդիները կամ ամուսինները զոհվել են հրադադարի պայմաններում:
Դասընթացն ուներ «Կոնֆլիկտների հաղթահարման կարողությունը վստահության վերականգնման համատեքստում» խորագիրը: Կանայք դասընթացի ընթացքում այցելեցին Հաղարծին համալիր, ընթրեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ, դիտեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության պատրաստած «Հրադադար» ֆիլմը, քննարկեցին, թե ի՞նչ է վստահությունը, ե՞րբ է կորչում եւ ինչպե՞ս կարելի է այն վերականգնել, մշակեցին «Հրադադար. մարդկային կորստի ցավը» հրադադարի պայմաններում զոհվածների մայրերի հասարակական կազմակերպության գործնական քայլերը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կորուստը մեծ է, մանավանդ՝ մայրերի համար, բայց ժամանակն է, որ կազմակերպությունն ուշադրություն դարձնի նաեւ զոհվածների հայրերին. «Մեր նպատակն այն է, որ այդ մայրերի ձայնը լսելի դարձնենք, որպեսզի իրենք ինչ-որ ձեւով՝ իրենց խնդիրների մասին խոսելու հարթակ ունենան: Ամենակարեւորը, որ նրանք իրենց լքված, իրենց վշտի հետ միայնակ չզգան»:
Նա խոստովանեց, որ հոգեբանորեն դժվար է աշխատել մայրերի հետ, բայց փորձում է հաղթահարել այդ ամենը: Արտակ Կիրակոսյանի խոսքերով՝ ամենադժվարը համարձակություն ունենալն է. «Միասին լացում ենք, միասին ծիծաղում էլ ենք: Շատերն են խուսափում՝ մտածելով՝ ի՞նչ պետք է ասեն, ի՞նչ պետք է անեն: Համարձակություն է պետք, որովհետեւ հեշտ չէ: Բայց միեւնույն ժամանակ հասկանում ես, որ մարդկանց ես օգնում: Բախտ քիչ է վիճակվում, որ մարդկանց օգնում ես եւ որպես արդյունք տեսնում, որ մարդկանց ճակատագիր ես փոխում: Հիմա այսօր կողքից ուրախ նայում ենք, որ իրենք աշխատում են եւ կարողանում են դուրս գալ այդ ողբերգական վիճակից: Ուզում ենք, որ ոչ մի մայր անտեսված չմնա»:
Կարդացեք նաև
Հասարակական կազմակերպության «Հրադադար. մարդկային կորստի ցավը» ծրագրի արդյունքում ստեղծվել է համանուն հասարակական կազմակերպություն: «Հրադադար. մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպության նախագահ Աղունիկ Ղուկասյանի որդին՝ Նարեկ Մարգարյանը, 2010 թվականին զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ոչ ոք չի կարող հրադադարի պայմաններում զոհվածների մայրերին հասկանալ այնպես, ինչպես հենց իրենք մայրերը. «Այս երեք օրերի ընթացքում մեր մայրերն այնքան ջերմ շփվեցին, որ ինձ մի պահ թվաց, թե նրանք բոլորը մի ընտանիքից են եւ հարազատներ են: Երբ ես կողքից նայում էի, բոլորի ցավը նույնն էր, բոլորի ցանկությունը մեկն էր, բոլորի հոգու խորքում էլ կար շատ սուր ցավ, եւ ես հասկացա, որ այս կազմակերպությունը եւ այս հավաքը պետք է, քանի որ մեր մայրերը սրա կարիքն ունեն: Այն մայրերը, որոնք երբեք չեն ժպտացել, այսօր ժպտացին, այն մայրերը, որոնք իրենց հոգում մեծ ցավ ունեին, բայց չէին կարող կիսել, այլ մայրերի հետ կիսեցին»:
Տիկին Աղունիկը նշեց, որ մարդկային ուշադրությունն անփոխարինելի է, սակայն մայրերից շատերն անտեսվում են. «Ես կուզեի, որ մեր մայրերն ուշադրության կենտրոնում լինեն: Այսօր եթե մենք խաղաղ պայմաններում ենք ապրում, դա մեր երեխաների թափած արյան շնորհիվ է: Ես չեմ ցանկանում, որ այդ արյունը կորչի»:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 055 261563 հեռախոսահամարով («Հրադադար. մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպություն):
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.11.2014