Ով իրեն ընկերներ չի փնտրում ինքն իրեն է նա թշնամի:
Շոթա Ռուսթավելի
Աթեիստ հայը հայ չէ:
Կարդացեք նաև
Մի հայ եկեղեցական
Մի լուսավորյալ մուսուլման մի անգամ, զրույցի ժամանակ, քննադատելով իսլամական ֆունդամենտալիստներին, ինձ ասաց, որ իսլամը, արդեն քսաներորդ դարի սկզբից, զարգանում է գիտության հետ ձեռք-ձեռքի տված: Թե դա ինչպես է տեղի ունենում, երևի կարելի է տեսնել զարգացող և ոչ ֆունդամենտալիստական մահմեդական երկրներում: Բայց հիմա հենց ֆունդամենտալիստներն են նորանոր դիրքեր նվաճում: Ի միջի այլոց, Քրիստոնեությունը ևս, շատ տեղերում, նույնպես զարգանում է գիտության հետ համագործակցելով: Կաթոլիկները ներեցին Գալիլեյին, թույլատրեցին հավատալ Դարվինին ու նման բաներ: Էլ չասած բողոքականների մասին, որոնց մոտ այդ «նման բաներն» ավելի վաղուց են սկսվել: Եվ Հռոմի պապը քարոզում էր մարդկանց հավասարություն, նույնիսկ հոգու փրկություն արդարակյացների համար՝ անկախ հավատից:
Իսկ ի՞նչ հարաբերության մեջ են կրոնը և գիտությունը մեզանում: Կարո՞ղ է արդյոք, կամ պե՞տք է արդյոք, որ XXI դարի մարդը հավատա, որ առաջ աստված լույսը բաժանեց խավարից, տիեզերական ջրերի մեջ ստեղծեց մեր երկիրը, հետո դրա վերևում հավելեց արևը, լուսինը և աստղերը: Որ տղամարդը ստեղծվել է կավից, իսկ կինը՝ նրա կողից: Որ բոլոր կենդանիները, միկրոբները, որդերը, բզեզները, ձկներն ու մկները, մարդը և մյուսները, ստեղծվել են տիեզերքի հետ նույն մի քանի օրվա ընթացքում, մեզանից մոտ վեց հազար տարի առաջ: Որ մեզանից մոտ չորս հազար հինգ հարյուր տարի առաջ աշխարհի վրա ջրհեղեղ է եղել, հետո ջուրը չորացել է, իսկ մարդիկ և կենդանիները փրկվել են միակ մի նավով նավարկելով մինչև Արարատ լեռը: Որ մարդիկ հավաքվել են Բաբելոնում ու աշտարակ կառուցել, որի փլուզումից հետո են միայն առաջացել աշխարհի տարբեր լեզուները:
Մի քանի գիտական փաստ: Ըստ ժամանակակից գիտության մեջ իշխող վարկածի, տիեզերքը ստեղծվել է մեզանից մոտ տասնչորս միլիարդ տարի առաջ: Լույսը ինչ որ աղբյուրից տարածվող մասնիկների հոսք է, շատ արագընթաց, որը կանգնած վիճակում գոյություն չունի, և ոչ ստատիկ մի բան, որ վերցնես ու բաժանես: Մեր երկիրը բոլորովին «ջահել», մի քանի միլիարդ տարվա գոյացություն է: Այն պտտվում է արևի շուրջը, որն ընդամենը երրորդ սերնդի մի երիտասարդ աստղ է (4.5 միլիարդ տարեկան), ի միջի այլոց, բոլորովին ոչ նշանակալի մի աստղ: Ընդ որում, ամեն մի աստղային համակարգում՝ գալակտիկայում մոտ մեկ միլիարդ աստղ է հաշվվում: Իսկ մեր գալակտիկան, աշխարհի շուրջ տաս միլիարդ գալակտիկաների մեջ, ամենաաչքի ընկնողը կամ կենտրոնականը չէ:
Կյանքն իր ամենապարզունակ ձևերով առաջացել է երկրի ձևավորումից ուշ, բայց ավելի քան երեք միլիարդ տարի առաջ, երբ համապատասխան պայմաններ են առաջացել: Ջուրը թթվածնի և ջրածնի միացություն է, որ կարող է գոյություն ունենալ միայն շատ սահմանափակ պայմաններում (0-100 աստիճան ըստ Ցելսիուսի, մեկ մթնոլորտ ճնշման դեպքում): Տիեզերքում ջուր, մանավանդ հսկայական քանակներով, չկա և երբեք չէր կարող լինել (և համապատասխան պայմաններ էլ չկան): Կյանքի բարդ ձևերը՝ բույսերը և կենդանիներն ի հայտ են եկել պարզունակ ձևերից շատ ուշ: Գիտակից մարդը ձևավորվել է ընդամենը երկու հարյուր հազար տարի առաջ, Արևելյան Աֆրիկայում: Կինը չի կարող ստեղծվել տղամարդու կողից, տղամարդու և կնոջ գենետիկական նյութերը տարբեր են: Այն ժամանակ, երբ իբր ջրհեղեղ է եղել աշխարհում, Եգիպտոսում արդեն բուրգեր էին կառուցում, Միջագետքում՝ զիկուրատներ, իսկ Հայաստանում Կուր-արաքսյան հնագիտական մշակույթը կործանվում էր Միջին բրոնզե դարի եկվորների կողմից: Նյութի պահպանման օրենքի համաձայն ջրերը չեն կարող բարձրանալ մի քանի կիլոմետր և իջնել, իսկ եթե բարձրանային, անդառնալիորեն կկործանվեր եղած ցամաքային կյանքը: Այդ ժամանակ, երբ ենթադրվում է լեզուների բաժանումը, աշխարհում արդեն խոսում էին հազարավոր լեզուներով:
Հին հրեաներին և ընդհանրապես հին մարդկանց չէին կարող հասու լինել նման բաները: Նրանք, ըստ իրենց տեսածի և իմացածի, մոդելավորել են աշխարհը, հորինել նրա ստեղծումը և պատմությունը: Դե, երկնքից անձրև՝ ջուր է գալիս, ուրեմն վերևում՝ տիեզերքում ջուր կա, իսկ ներքևում հո պարզ է, մանավանդ ծովափնյա երկրի ժողովրդի համար: Ընդ որում, նրանց տիեզերածնությունը միահյուսված է իրենց ժողովրդի պատմության հետ: Միլիարդներ, գալակտիկաներ, և նման մասշտաբի բաները վեր են հին մարդու երևակայությունից: Դրա համար էլ տիեզերքի պատմությունը տեղավորել են իրենց հաշվով մի ահռելի ժամանակի՝ մի քանի հազար տարվա մեջ (տիեզերքի պատմության աստվածաշնչյան բերված թվերը հաշվարկված են հենց կրոնավոր գիտնականների կողմից):
Լավ, Ալբերտ Այնշտայնը (ռուս. Էյնշտեյն), Վիկտոր Համբարձումյանը (որն ըստ մեր անմոռանալի եկեղեցականի կարծիքի, նույնիսկ հայ էլ չի եղել, քանի որ հավատավոր հայ քրիստոնյա չէր), կամ նման որևէ մեկը կարո՞ղ է հավատալ այս պատմություններին: Չի կարող: Եվ ընդհանրապես, տիեզերքը և բնությունը ուսումնասիրող գիտնականների մեծագույն մասը հավատացյալ չեն: Արդեն հինգ հարյուր տարի առաջ Լեոնարդո դա Վինչին՝ մեծագույն մարդը մերժում էր Քրիստոսի աստվածային էությունը, կույր հավատն առ եկեղեցական դոգմաները և կողմնակից էր մարդու ստեղծագործ հանճարի և լուսավոր գիտակցության: Նրա ժամանակ խավարամոլ կրոնավորները խարույկների վրա այրել են նրանց, ովքեր փորձել են ուսումնասիրել և հասկանալ աշխարհը: Աշխարհը, որի ամեն մի հյուլեն աստվածաշնչյանից տարբեր իրողություններ է բացահայտում: Բայց անցել են այդ ժամանակները: Իսկ մեզանում դեռ վերջերս մի հոգևորական ասում էր, որ ընկերոջ հետ հեռուստացույց դիտելով զբաղված են Դարվինին հերքելով:
Սա միայն Հին կտակարանի հնագույն մասի վերաբերյալ: Իսկ ի՞նչ է Քրիստոնեությունը սիրո կրոնը: Արդյո՞ք ամեն ինչ նրանում ընդունելի է: «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»: Ուղիղ ճանապարհ դեպի մեր ժողովրդի ստրկացված վիճակը իսլամական կայսրություններում: Իսկ ահա ինչ է ասել Էմիլ Զոլան՝
Ժամանակին ասվել են սարսափելի խոսքեր՝ «Երանի հոգով աղքատներին», և այդ կործանարար մոլորության հետևանքով մարդկությունը տառապել է երկու հազար տարի:
Եվ ներկա Հայաստանի ամենամեծ դժբախտությունը մարդկանց հոգու աղքատացումն է, ինչն անշեղորեն տեղի է ունենում կրոնամտության աճին զուգահեռ: «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով» ասել է Իսահակյանը: Եվ տեսնում ենք՝ եկել է:
Եթե մեկն ինձ մոտ գա և չատի իր հորը և մորը, կնոջն ու որդիներին, եղբայրներին ու քույրերին, նույնիսկ իր անձն անգամ, չի կարող իմ աշակերտը լինել:
Ահա և քեզ սիրո ուսմունք: Սիրիր թշնամիներիդ և ատիր քեզ և քո բարեկամներին: Հասկանալի է, որ ներկայումս որոշ դրույթներ վերամեկնաբանվում են, թե պետք է մի քիչ այլ կերպ հասկանալ, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Հոյակապ է հայերեն նոր թարգմանությունը, ուր մեր գործիչները վերափոխել են Քրիստոսի խոսքը՝ «ատելը» դարձնելով «նախընտրել ինձ (հորից, մորից և այլն)»: Այդ խաբեության հեղինակները ոչ մի հավատ էլ չունեն, քանի որ հավատացյալը չէր փոխի աստծու խոսքը և շատ լավ կիմանար, որ այդպիսի սրբապղծության համար ինչ է սպասում իրեն: Ինչևէ, հազարամյակների ընթացքում այս խոսքերը մեկնաբանվել են տառացիորեն, հենց այնպես, ինչպես որ գրված է:
Եվ ի՞նչ, գցենք աղբարկղ Լեոնարդոյին, Զոլային, Այնշտայնին, Համբարձումյանին… Իհարկե, ոչ: Իսկ ի՞նչ անել: Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին: Թերարժեք համարել մարդկանց մի մասին, այդպիսով հեռացնել նրանց մյուս մասից չի հաջողվի: Մեր ժողովուրդը և հենց հոգևորականությունը մի նժարի վրա չեն դնի Համբարձումյանին, որն իր ժառանգներին կտակել էր հայոց լեզուն, մեր ժողովրդի ամենաառաջին արժեքը գոյության պայքարում, ու բնաբանի երկրորդ ասույթի հեղինակին: Ուրեմն՝ տիեզերքի պատմությունը՝ ֆիզիկոսներին՝ Այնշտայնին և Վիկտոր Համբարձումյանին: Կենդանիների, բույսերի ու մարդու ստեղծման և էվոլյուցիայի պատմությունը՝ կենսաբաններին՝ Դարվինին և այլոց: Պատմությունը՝ պատմաբաններին, լեզուն՝ լեզվաբաններին, երկրի պատմությունը՝ երկրաբաններին և այլն: Գրականությունը՝ գրողներին:
Եկեղեցուն և եկեղեցականներին՝ բարոյականությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, մխիթարությունը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումը:
Մի՞թե կարելի է ժողովրդի մի մասին թերարժեք համարել և դրանով իրար դեմ հանել, ըստ հավատի: Հաջորդ քայլը պիտի լինի բարդուղիմեոսյան գիշերը՝ երբ նույն հավատի երկու ուղղությունների ներկայացուցիչները սկսեն կոտորել իրար: Նման խոսքերը բնորոշ են խավար դարաշրջաններին, հետամնաց ժողովուրդներին և ոչ գրագետ հոգևորականներին: Ամենասխալ բանը որևէ երկրի և հատկապես մեզ նման երկրի համար մարդկանց՝ իրար հակադրելը կամ թշնամացնելն է: Ռուսթավելի, Համբարձումյան և մի հայ հոգևորական… Ով իրեն ընկերներ չի փնտրում ինքն իրեն է նա թշնամի:
Իսկ ինքը՝ մեզ հայ լինել սովորեցնող հոգևորականը, իսկական քրիստոնյա՞ է: Ահա թե ինչ է ասել Հովհաննես XXIII պապը՝ «Աշխարհում չէր լինի ոչ մի հեթանոս, եթե մենք մեզ պահեինք իսկական քրիստոնյաների պես»: Իսկ ի՞նչ ասես մեր հայ հոգևորականների մասին:
* * *
Ոչ թե իրար հակադրվենք, այլ միավորվենք այն հարցերի շուրջը, որտեղ համամիտ ենք: Մեր երկրում ընտրովի՝ աղջիկ երեխաների աբորտների պատճառով ժողովրդագրական աղետ է հասունանում: Ահա պայքարի այն ռազմադաշտը, որտեղ հոգևորականությունն անփոխարինելի է: Աշխատեք, քարոզեք աբորտների, և հատկապես՝ ընտրովի աբորտների դեմ: Դրա համար դուք ունեք լավագույն հնարավորությունները: Ե՛վ պետությունը, և՛ երկրի բնակչության լավագույն մասը ձեր կողքին կլինեն: Եվ ձեր աշխատանքի հետևանքով ծնված աղջիկները կհատուցեն ձեզ և մեր ողջ ժողովրդին:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ