Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ՌԴ մշակույթի նախարարության եւ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական արվեստի թանգարանների համառուսական միավորման հրավերով ամռանը մասնակցել էր «Ինտերմուզեյ» միջազգային փառատոնին: Արդյունքում՝ Գլինկայի անվան երաժշտական արվեստի ազգային թանգարանի եւ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի միջեւ կնքվել էր համագործակցության պայմանագիր՝ միջոցառումների անցկացում Երեւանում եւ Մոսկվայում: Առաջինը կայացավ հոկտեմբերին, Գլինկայի անվան թանգարանում, որտեղ հանդես եկավ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 21-ին բացվեց «Երկու հսկա. հայացք XXI դարից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի եւ ռուսական ռեալիստական վոկալ բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Շալյապինին:
«Առավոտի» հետ զրույցում Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջը շարունակվող ցուցադրությունը հիանալի առիթ է ծանոթանալու ռուսական արվեստի երկու հսկաների կյանքը, ստեղծագործունեությունն ու նրանց բարեկամությունը փաստող 221 ցուցանմուշի: Ժպիտով էլ հավելեց, թե երկու հսկաները վերջապես հյուրընկալվեցին մեր երրորդ հսկայի (նկատի ունի Արամ Խաչատրյանին) տանը:
Հետաքրքրվեցինք նաեւ վերջերս ԱՄՆ-ում կայացած Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հյուրախաղերից: Մեր զրուցակիցը, որը փայլում է ոչ միայն իր արվեստով, այլեւ համեստությամբ, ընդամենն ասաց, որ տրիոյի հյուրախաղերը կայացել են Կալիֆոռնիայի եւ Արիզոնայի նահանգներում, Ֆրեզնո ու Ֆինիքս քաղաքներում: Ընդունելություն է կազմակերպվել շուրջ մեկ ամիս առաջ Ֆրեզնոյում բացված հայկական հյուպատոսարանում, եւ Ֆրեզնոյի համալսարանի խնդրանքով թավջութակահար Կարեն Քոչարյանը վարել է վարպետության դասեր: Հավելեց, որ համերգները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Khachaturian trio ֆեյսբուքյան էջում տեղադրված են լուսանկարներ եւ ամերիկյան մամուլի հրապարակումները: Մեկում էլ կարծիքների ու տպավորությունների թվում նշված էր. «Տրիոն հիացրեց իր արվեստով: Ավելին, այն հնչում էր որպես նվագախումբ»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Խաչատրյանական տրիոն՝ ամերիկյան մամուլի էջերում:
«Առավոտ» օրաթերթ
22.11.2014