Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Հովհաննիսյան. «Կհամագործակցենք նաև փողոցում պայքարող քաղաքացիների հետ»

Նոյեմբեր 24,2014 10:42

Բաթումիում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովի աշխատանքների շրջանակներում հայ պատվիրակներն ընտրեցին Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողին: Առաջադրված էր մեկ թեկնածու՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ ազգային համակարգողը Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն էր:

Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Հովհաննիսյանը նշեց, թե լավ ժառանգություն է ստանում նախորդ համակարգողից ու շեշտեց պլատֆորմի կառուցվածքային կայացվածությունը: Այնուհետև տեղեկացրեց նոր գաղափարների մասին. «Այժմ քննարկվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը, ու շատ կարևոր կլինի անել այնպես, որ քաղաքացիական հասարակության նոր ձևաչափի կազմման մեջ իր ներդրումն ունենա նաև պլատֆորմը: Պետք է փորձենք աշխատանքային խմբերի միջոցով հավաքել քաղաքացիական հասարակության մեջ առկա մասնագիտական փորձը, մշակել առաջարկությունների փաթեթ ու առաջարկել դա բանակցող կողմերին, որ իրենք կարողանան սա օգտագործել որպես նոր ձևաչափ»:

Միքայել Հովհաննիսյանը նշեց նաև հասարակությունում Եվրամիության, ՀՀ-ԵՄ հնարավոր համագործակցության, եվրոպական արժեքների մասին տեղեկատվության տարածման կարևորության մասին. «Որոշակիորեն շահարկվում և խեղաթյուրվում են եվրոպական արժեքները, ուստի իմաստ ունի բավական ակտիվ տեղեկատվություն տարածել այն մասին, թե ինչ են եվրոպական արժեքները և ցույց տալ, որ դրանք ոչ միայն չեն հակասում ազգային արժեքներին, այլև փոխլրացնում են: Ու նաև կարևոր է շեշտել, թե մեր իշխանությունները ինչը ինչով են փոխարինել»:

Մեր հարցին՝ ֆորումի աշխատանքներում ակնհայտ ակտիվություն սպասե՞լ, հատկապես փողոցում պայքարող քաղաքացիական ակտիվիստների հետ համագործակցություն կլինի՞, Միքայել Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարևոր բաղադրիչ է լինելու նաև փողոցում պայքարող անձանց հետ համագործակցությունը»:

Հարցին՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում եղած անորոշությունը և մասնավորապես ՀՀ իշխանությունների պասիվությունը չե՞ն խանգարում քաղհասարակության հետագա ծրագրերի իրագործմանը, Միքայել Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, այդ որոշումը խանգարել է, հատկապես սեպտեմբերի 3-ը դրա մեծագույն ու բարձրագույն ցուցադրումն էր: Մինչև այդ կար տրամաբանության համահունչ մոտեցում թե’ քաղաքացիական հասարակության, թե’ իշխանության կողմից, հիմա ֆորումի մոտեցումների և իշխանությունների ծրագրերի միջև կա բովանդակային տարբերություն»:

Միքայել Հովհաննիսյանի համոզմամբ՝ պետք է գտնել այն քայլերը, որոնք ՀՀ-ին ավելի մոտ կդարձնեն Եվրամիությանը և հիշեցրեց, որ պլատֆորմը միակ միավորված կառույցն է ՀՀ-ում, որը պնդում է, որ պետք է համագործակցել Եվրամիության հետ, ուստի պետք է առավելագույնս օգտագործել ՀՀ իշխանություններ, պլատֆորմ, Եվրամիություն եռանկյունին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930