Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կուզենայի Լեոնիդ Ազգալդյանի զինվորը լինել․․․»

Նոյեմբեր 23,2014 20:58

Ծնունդդ շնորհավո՛ր, հրամանատար

.․․Ամեն անգամ, երբ Ամիրյան փողոցից թեքվում եմ դեպի Մաշտոցի պողոտա, մի տեսակ զգաստանում եմ, հիշում Արցախը, ընկերներիս, պատերազմը․․․

Որովհետև գիտեմ հաստատ, որ, հասնելով Մաշտոցի և Մովսես Խորենացու (նախկինում՝ Մարքսի) փողոցի անկյունին, ծաղիկներ եմ գնելու «Պասիֆլորա»-ից, ուր երիտասարդ կին-աշխատակցուհին՝ ծագումով ղարաբաղցի, կհարցնի․ «Կոմանդիրի համա՞ր»․․․Այո՛, իր՝ Անկախության բանակի, այնուհետև՝ Ազատագրական բանակի հիմնադիր հրամանատար Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի համար, ում կիսանդրին կանգնեցված է նշված փողոցների (և Ազգալդյանների տան) անկյունում, և ում պատիվ եմ ունեցել ճանաչելու Շարժման  ամենասկզբից։

․․․Ծաղիկները դնելուց հետո, ինչպես ասում են, ոտքս մի փոքր կախ եմ գցում, որ տեսնեմ, թե արդյոք այստեղ–այնտեղ շտապող բազմաթիվ անցորդները, որոնք իրենց այսoրվա (համեմատաբար) խաղաղ կյանքով պարտական են հենց Ազգալդյանի նման հերոսներին, մի պահ կկանգնե՞ն կիսանդրու մոտ, գոնե մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքը կմատուցե՞ն մեծ հայրենասերին, ռազմական գործչին, մտավորականին, գիտնականին։ Կարծում եմ, մեծ չափազանցություն արած չենք լինի, եթե նշված արժանիքների հանրագումարի առումով Լեոնիդ Ազգալդյանին համեմատենք Մեծն Նժդեհի հետ։

․․․Երբեմն պատահում է, որ «օրինակ եմ ծառայում» որոշ մարդկանց համար․ ինձանից հետո կանգ են առնում, կարդում, խոսում, նույնիսկ՝ իրենք էլ են ծաղիկ դնում։

Սակայն, ցավոք, ավելի հաճախ հակառակն է լինում։ Այն ժամանակ սկսում եմ՝ հեռվից՝ թարս-թարս նայել անցորդների վրա, մանավանդ՝ երիտասարդների․․․

Նույն մտավախությունն ունեի, երբ շտապում էի երեկվա համերգին՝ նվիրված Լեոնիդի 72-ամյակին, սակայն․․․

azgaldyan5

azgaldyan4

Ընդամենը տաս րոպե էի ուշացել, սակայն տեղս արդեն զբաղված էր, և օպերային թատրոնի պատրաստակամ աշխատակցուհին նույնիսկ մեկ տեղ չկարողացավ գտնել սույն տողերի հեղինակի համար, քանի որ դահլիճը լեփ-լեցուն էր, ավաղ, «դեֆիցիտ» դարձած այդքան հարազատ դեմքերով․․․Ակամայից 88-ի հանրահավաքները հիշեցի՝ հենց այստեղ, դահլիճից ընդամենը մի քանի մետր դուրս։azgaldyan3azgaldyan1

Եվ շատ պատանիներ կային, որոնք «Կարին» երգի-պարի համույթի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստ․գործիչ, Լ․Ռ․Ազգալդյանի զինակից Գագիկ Գինոսյան) հետ միասին՝ դահլիճում՝ պարի բռնվեցին։

Կեսօրին՝ հորդառատ անձրևի ներքո՝ Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտ հավաքվեցին նրա մարտական ընկերները․ՀՀ ԱԺ պատգամավոր, «Անկախության բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Աղաբաբյանը, պաշտոնաթող գնդապետ Հովսեփ (Ժոզեֆ) Հովսեփյանը, Հարութը, Հենդոն, Էդոն, Սաքոն, «Ռեմբո»-ն, Անուշը, թող ներե՛ն ինձ մնացած տղաները (և աղջիկները), ում անունները չեմ նշում։ Ներկա էր նաև՝ ինչպես միշտ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ (Ակամայից հիշեցի 88-ի միտինգները․ «Սուս մնացե՛ք, Մանուչարյան Աշոտն ա խոսում»․․․)։Եվ, իհարկ՛ե, տիկին Նելլին՝ Լեոնիդ Ազգալդյանի քույրը, որը, Հերոսի կիսանդրու մոտ ավանդական ծաղկեպսակներ, զամբյուղներ և ծաղիկներ դնելուց հետո «ստիպեց» մեզ բարձրանալ տուն և մի գավաթ կոնյակ բարձրացնել իր եղբոր ծննդյան օրվա առթիվ։

azgaldyan6

Հետք գնացինք «Թոխմախի» գերեզմանատուն, ուր, իր ծնողների կողքին, ավաղ, վերջին հանգրվանն է գտել նա, ով ասում էր․ «Ես ընկնելու եմ Ստամբուլի պատերի տա՛կ․․․»

Աշոտ Աղաբաբյանը, որը ժամեր անց պետք է Մոսկվա, այնուհետև՝ Եվրոպա գործուղման մեկներ, հրավիրեց բոլորին ռեստորան՝ իրենց սիրելի հրամանատարի ծննդյան օրը նշելու։

Հիշեցի Ազատ Արշակյանի հետևյալ խոսքերը․ «Դարեր առաջ, միայն ռամիկներն էին զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, իսկ ազնվականները՝ ծագման և ունեցվածքի առումով, իրենք էին որոշում․ ծառայեն, թե ո՛չ․․․Լեոնիդը, ԻՍԿԱԿԱՆ ազնվական լինելով հանդերձ, թողեց ամեն ինչ և ԱՆՄՆԱՑՈՐԴ նվիրվեց Հայրենիքի պաշտպանության ՍՐԲԱԶԱՆ գործին»։

Հարութ Հակոբյանը, որը ներկայումս ՀՀ պետական պահպանության ծառայության գումարտակի հրամանատար է, փոխգնդապետ, եղել է Ազգալդյանի զինվորը՝ սկզբից մինչև վերջ (ՀՀ,Վարդենիս,1989 – ԼՂՀ,1992, և որն, ի դեպ, այն էլ իր հայրիկի հետ միասին, Լեոնիդ Ազգալդյանի հետ ծնվել է նույն՝ նոյեմբերի 22-ի օրը), պատմեց․ «Լեոնիդը մեզ մշտապես ասում էր․ «Տղե՛րք, հայերը միշտ պիտի հզոր բանակ ունենան, մշտապես պայքարի մեջ լինեն ․․․Ստամբուլ ենք հասնելու, հա, լուրջ․․․»։ Մեզ էլ «դուխ» էր տալիս․«Դուք բոլորդ գնդապետներ եք դառնալու» (Իր զինվորներից ոմանք գեներալ էլ դարձան․․․)։

Երեկոյան, օպերային թատրոնում, ընդմիջման ժամանակ Հարութը ծանոթացրեց ինձ իր մարտական ընկեր Ռազմիկ Մադարյանի հետ՝ Վանաձորի «Անդրանիկ» ջոկատից, որը պատմեց հետևյալը․ «Լեոնիդը միշտ ասում էր․ Քելբաջարը պիտի վերցնե՛նք․․․1993-ի ապրիլի 1-ին – 2-ին ազատագրեցինք հինավուրց հայկական Քարվաճառը, տալով 9 զոհ և 18 վիրավոր, որոնց թվում էր նաև Ձեր խոնարհ ծառան։ Մեր ուղղաթիռը, որը պիտի վիրավորներիս տեղափոխեր Վարդենիս, վայրէջք էր կատարում, թուրքի կրակի տակ ընկավ․․․Վիրավորվեց օդաչուն, խոցվեց ուղղաթիռը․․․Ինքը ևս վիրավոր լինելով, Հարութը ուղղաթիռի բենզինաբակի «պռաբոինան» փակեց տեղում սարքված մի փայտի կտորով՝ «չիվի»-ով, և դրա շնորհիվ թռանք-հասանք Վարդենիս․․․» (ծնունդդ շնորհավո՛ր, Հարութ)։

․․․Համերգը իսկապես փառահեղ էր․Հասմիկ Պապյան, Արմեն Բաբախանյան, պապ և թոռ Ջիվան Գասպարյաններ, «Կադանս» համույթ, Պետօպերայի նվագախումբ և երգչախումբ, Դավիթ Ամալյան, այլ հիանալի ելույթներ։ (Շնորհակալություն TM Production-ին)։

Պատանի «մոնթեականներն» էլ էին հանդիսականների թվում։

«Ի՞նչ գիտես Լեոնիդ Ազգալդյանի մասին» հարցիս Մոնթե Մելքոնյանի անվ․ վարժարանի 3-րդ կուրսեցի Հարություն Դավթյանը պատասխանեց․ «․․․Նա մի մարդ էր, որ թողեց գիտնականի իր աշխատանքը, որ Հայրենիքը պաշտպանի, մեծ գործիչ էր, ազգային հերոս»․․․

«Միամիտ» ձևանալով, ոգևորված կադետ տղային հարցրի․ «Ի՞նչ է, Ազգալդյանին, վերջապե՛ս, շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում․․․ »

«Բոլոր դեպքերում նա ազգային հերոս է», մի փոքր կոշտ պատասխանեց Հայրենիքի ապագա պաշտպանը, ավելացնելով․ «Շա՛տ կուզենայի նրա զինվորը լինել․․․»:

 

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930