Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուրիեթ»-ի լրագրողը պատմել է, թե ինչ է նշանակում հայ լինել Ստամբուլում

Նոյեմբեր 23,2014 20:39

«Հուրիեթ» թերթի լրագրող Բելգին Ալքաթանը երեք հայի հետ է խոսել՝ հետաքրքրվելու, թե այսօր Ստամբուլում բնակվող հայերն ինքնության հետ կապված ինչ խնդիրներ ունեն, ի՞նչ ճնշումներ ու վախեր են զգում և արդյոք ժամանակի ընթացքում իրենց անունները փոխելու անհրաժեշտություն լինո՞ւմ է:

Այս թեման լրագրողին սկսել է անհանգստացնել հատկապես այն բանից հետո, երբ «քաղաքական գործիչներից մեկը «հայ» բառն օգտագործել է որպես վիրավորանք» (հավանաբար նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը):

Ալքաթանը պատմում է, որ իր մոտ մի հայ ուսանող պրակտիկա էր անցնում, որը գյուղական վայրերում հետազոտություն էր իրականացնում: Նրա ընկերներն իրեն այլ անունով էին կոչում որոշ գյուղերում, որ թացնեն ուսանողի ինքնությունը:

Ասպիրանտ Արսին Արսանօղլուն լրագրողի հետ զրույցում ասել է, որ իր հետ ոչինչ տեղի չի ունեցել, որ հայ լինելու համար վախ զգա. «Նույնիսկ բախտավոր եմ այլազգի ընկերներիս ձեռք բերելու համար, սակայն մի բան, որ անձնապես ինձ հետ կապ չի ունեցել, բայց որն ինձ վրա ազդեցություն է գործել, Հրանտ Դինքի սպանությունն է, ինչն ինձ շատ է անհանգստացրել», – պատմել է Արսանօղլուն:

Մեկ այլ երիտասարդ կին, որին լրագրողը Ս. է ներկայացնում, խոստովանել է, որ իր համար դժվար է ապրել Թուրքիայում. «Երբ գալիս է պահը, որ պիտի անունդ նշես, այո, ապրելը դժվար է դառնում: Ես իմ անունը փոխելու կարիք չեմ ունեցել, որովհետև կին եմ, բայց իմ ընտանիքի տարեցները պատմում են, որ տղամարդիկ ստիպված են եղել փոխել իրենց անունները բանակում ծառայելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Այս իրավիճակն առկա է նաև այսօր: Օրինակ, երբ հայրս ուզում էր բիզնես սկսել, նա ստիպված էր փոխել իր անունը ու մինչև հիմա կրում է այդ անունը: Ես դեռ լսում եմ նույնանման պատմություններ իմ ընկերներից, որոնք փոխում են իրենց անունները բանակում ծառայելու համար», – ասել է Ս.-ն՝ ավելացնելով, որ Թուրքիայում ոչ մահմեդականները միայն քաղծառայողներ կարող են աշխատել, բայց չեն կարող սպա կամ ոստիկան լինել:

Մյուս հայը, որի հետ զրուցել է Ալքաթան, «Հուրիեթ»-ի իր գործընկերն է՝ Վերժիհան Զիֆլիօղլուն, որը չի սիրում երբ մարդկանց տարանջատում են էթնիկության կամ ազգության սկզբունքով. «Եթե իմ ինքնությունն ավելի էական է, քան «Վերջիհան» անձը, ապա այդտեղ խնդիր կա, – ասել է նա, – Ես ամեն առավոտ ինքս ինձ չեմ հիշեցնում «Ցավոք, դու հայ ես, դու դժվարությունների միջով ես անցնելու… 1915-ի ողբերգությունները բոլորին են հայտնի: Ես իմ արմատներին ծանոթ չեմ, ավելի ճիշտ, ես չգիտեմ, թե ով եմ ես»:

Զիֆլիօղլուն պատմել է, որ ինքը 7 տարեկան էր, երբ Ֆրանսիայից տեղափոխվել են Թուրքիա և իրեն միայնակ ու լուսանցքից դուրս է զգացել ոչ միայն թուրքերի, այլև հայերի պատճառով ևս. «Մի կողմից Թուրքիայի պատմության ուսուցիչը մեզ դասարանում ասում էր «անհավատ» (գյավուր), մյուս կողմից Հայոց լեզվի ուսուցիչը խտրականություն էր դնում: Ինձ խորհուրդ էին տվել փողոցում մորս «մամա» չկոչել: Պատմության դասագրքերում գրված էր, որ հայերը «դավաճան են»: Երբ ձեռքս որևէ հայկական գիրք էր ընկնում, չէի կարողանում արցունքներս զսպել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում մուտք չունենալ քո մայրենի լեզվով գրված գրքերին… Հարցնում եք կարիք ունե՞մ ինքնությունս թաքցնելու: Ես չեմ հավատում, որ թաքցնելու ինչ-որ բան կա», – ասել նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930