Շիրակի մարզի ամենամեծ բուհը՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, երեկ մեծ հանդիսավորությամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, մյուս բուհերի ռեկտորների մասնակցությամբ նշեց իր հիմնադրման 80-ամյակը: Նշենք, որ այս բուհում, բացի Շիրակի մարզի ուսանողներից, կրթվում է նաև Ջավախքի գրեթե ողջ երիտասարդությունը: Այն հիմնադրվել է 1934 թվականին նոյեմբերին և մինչև 1988 թվականի երկրաշարժը գործել է Գյումրու կենտրոնական զբոսայգու (Գորկա սադի) դիմաց գտնվող պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում: Իսկ այդ շենքում, ինչպես հայտնի է, 1920 թվականին հիմնվել է Հայաստանի առաջին համալսարանը: Ինչպես իր ելույթում նշեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, բուհը տվել է մոտ 30 հազար շրջանավարտ: Նշենք, որ նրանց շարքում են Հովհաննես Շիրազը (մեծ բանաստեղծը եղել է բուհի առաջին 100 ուսանողներից մեկը) , Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Գյումրու առաջին կին քաղաքապետը՝ Լենինականի քաղաքային կոմիտեի երկարամյա քարտուղար Դոնարա Հարությունյանը, ինչպես նաև Գյումրու նախկին ու ներկայիս քաղաքագլուխները՝ Վարդան Ղուկասյանն ու Սամվել Բալասանյանը, Հայաստանին փառք ու ճանաչում բերած բազմաթիվ մարզիկներ, անկախ Հայաստանի օլիմպիական խաղերի առաջին ոսկին նվաճած Իսրայել Միլիտոսյանը, հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Ռոբերտ Էմմյանը, Նազիկ Ավդալյանը, Արթուր Ալեքսանյանը և այլք…
Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում միջոցառումը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի ելույթով: Սրբազանը նշեց, որ թեև ինքը Գյումրու մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ չի եղել, բայց մեծացել է այդ նույն ինստիտուտի հայացքի ներքո: Նկատենք, որ Շիրակի մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ թե Սրբազանը, թե մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետը, տեսնելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկա է միջոցառմանը, սկսեցին ակնարկել, հասկացնել, որ բուհի հին շենքը՝ այժմյան տեխնոլոգիական կենտրոնին հատկացված կառույցը, անհրաժեշտ է վերադարձնել բուհին: Այլապես,մանկավարժականը, գտնվելով քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ Անիում, քաղաքային կյանքին հետևում է հեռվից: Այս կապակցությամբ Շիրակի հոգևոր առաջնորդն ասաց. «Երանի այն ժամանակներին, երբ որ մանկավարժական ինստիտուտը քաղաքի կենտրոնում էր, սրտում էր , տա Աստված, որ մի օր վերադառնա քաղաքի կենտրոն»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս նույն առաջարկով հանդես եկավ, միայն թե այնքան հուզվեց, որ հայտարարեց՝ եթե մանկավարժականին չվերադարձնեն հին շենքը, ապա ինքը կքննարկի Գորկա այգի դիմաց գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքը մանկավարժականին հանձնելու հարցը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ իր հերթին ասաց, որ Գյումրու մանկավարժականը պիտի դարձնել համալսարան:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ Գյումրիի պետական համալսարան ունենալը կախված է գյումրեցիներից , որովհետև, նախարարի բառերով ասած, «համալսարանը նոր առաքելության գիտակցման խնդիր է»: Նախարարը մի հաճելի անակնկալ ուներ Գյումրու մանկավարժական ինստիտուտի համար, նա հայտարարեց, որ այսուհետ կառավարությունը սփյուռքահայ ուսանողների ուսման համար նախատեսած պետական պատվերի տեղերը բացառապես հատկացնելու է Գյումրու մանկավարժականին: Անցած տարիներին տրվել է Երևանի բուհերին:
Այնուհետ սկսվեցին պարգևատրումները, վարչապետն իր հերթին, կրթության նախարարը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն էլ իրենց հերթին պարգևատրեցին բազմաթիվ աշխատակիցների, սակայն ՀՀ նախագահի պարգևին արժանացան 3-ը: Կրթության նախարարը Սերժ Սարգսյանի անունից երախտագիտության մեդալ հանձնեց մանկավարժական ինստիտուտի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին՝ կրթության բնագավառում ներդրած արգասաբեր աշխատանքի համար: Նախագահի հրամանով գիտության վաստակավոր գործչի կոչում շնորհվեց ճանաչված հայագետ, Շիրակի մարզի հայագիտական կենտրոնի հիմնադիր, Գյումրու մանկավարժականի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան Սերգո Հայրապետյանին: Եվ ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում շնորհվեց Անահիտ Գրիգորյանին, որը բնագիտաաշխարհագրության ֆակուլտետի դեկանն է: Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին էլ ռազմական կրթությանն աջակցելու համար հուշամեդալ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից:
Լուսանկարները՝ Արա Նախշքարյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ