«Իմ կարծիքով՝ ընկերներիս արձագանքը՝ կատարվածը կապել հայ գործընկերների հետ, մակերեսային էր»,-նոյեմբերի 23-24-ը Բաթումիում ընթացող «Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմներ. որակյալ լրագրության մարտահրավերներ» խորագրով համաժողովի բացմանը, մինչ կատարված ուսումնասիրություններին անդրադառնալը՝ այսպիսի կարծիք հայտնեց Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միավորման նախագահ Արիֆ Ալիեւը՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում ադրբեջանցի պատվիրակի մասնակցությամբ սկանդալին:
Համաժողովը կազմակերպվել է «Դոյչե վելլե ակադեմիայի» նախաձեռնությամբ: Հարավային Կովկասի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագծի համակարգող Պետրա Ռաշկեվիցը բացման խոսքում նշեց. «Ձեր երկրներում լրագրողները գտնվում են քաղաքական, տնտեսական և այլ ճնշումների ներքո, և մեր նպատակն է աջակցել այդ երկրներին՝ հանուն որակյալ լրատվամիջոցների զարգացման»:
Նշենք, որ ՀՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի 6-ական ԶԼՄ-ների շրջանակներում հոկտեմբերի 1-31-ն իրականացվել է ուսումնասիրություն՝ ատելության խոսքի դրսևորումների վերաբերյալ: Ուսումնասիրության համաձայն, օրինակ, Ադրբեջանում ավելի շատ ատելության խոսքի դրսևորումներ կան թերթերում (55,4 տոկոս), քան հեռուստաեթերում կամ կայքերում: Ատելության խոսքի դրսևորումներն ամենաշատն արտահայտվում են էթնիկական, ներքաղաքական հարցերում, միջազգային, կրոնական և գենդերային ոլորտներում այդ դրսևորումները քիչ է: Ադրբեջանական մամուլում միջպետական հարցերով ատելության խոսքի ամենատարածված հասցեատերը ՌԴ-ն է, հետո Հայաստանը: Ըստ ուսումնասիրության՝ ատելության խոսքը Ադրբեջանում բնորոշվում է որպես միջին սրության:
Արիֆ Ալիևը եզրափակեց. «Ատելության խոսքի հիմնական տարածողները պետական պաշտոնյաներն են, հետո լրագրողները: Սա խոսում է բազմակարծության ցածր մակարդակի մասին, նշանակում է, որ լրագրողն ինչ-որ տեղից վերցնում է տեղեկատվությունը և ընդամենը մեկ աղբյուր օգտագործելով՝ առանց երկրորդ կողմի հրապարակում այն»:
Կարդացեք նաև
Տեղեկատվության բազմազանության ինստիտուտի խորհրդի ներկայացուցիչ Էլինա Պողոսբեկյանը ներկայացրեց հայաստանյան ԶԼՄ-ներում կատարված ուսումնասիրության արդյունքները: (Ուսումնասիրվել են «Голос Армении», «Առավոտ» թերթերը, Հանրային, «Արմենիա» հեռուստաընկերությունները, news.am, lragir.am կայքերը). «ՀՀ ԶԼՄ-ներում մոտ երկու անգամ ավելի քիչ են ատելության խոսքի դրսևորումները, քան Ադրբեջանում: Մեզ մոտ ևս թերթերում ավելի շատ են նման դրսևորումները, ատելության խոսքի առաջին աղբյուր համարվում են լրագրողները, հետո պետական պաշտոնյաները»: ՀՀ-ում, ինչպես նաև մյուս երկրներում, ատելության խոսքի սրությունը միջին մակարդակի է:
Վրաստանի ԶԼՄ-ների ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Լրագրողական էթիկայի Վրաստանի խարտիայի գործադիր տնօրեն Թամար Ռուխաձեն: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ վրացական մամուլում ատելության խոսքի հիմնական հասցեատերերից են նախ ռուսները, այնուհետև հայերը: Ուկրաինացի լրագրող, «Ինտերնյուս-Ուկրաինա» ծրագրի ղեկավար Անդրեյ Կուլակովը հետաքրքրվեց, թե ռուսների նկատմամբ նման վերաբերմունքը պարզ է, իսկ հայերի՞: Մի շարք արդարացումների շարքում վրացի լրագրողներից մեկը նշեց, թե պատճառներից մեկն էլ այն է, որ երկու հարևանները մշտապես ունեն տարաձայնություններ, թե տարածաշրջանում ով է ավելի հնագույն ազգ:
Նշենք նաև, որ ատելության խոսքի դրսևորումներ կան ադրբեջանական մամուլի ուսումնասիրված 8679 հրապարակումներից, 342-ում՝ 3.9 տոկոս, հայաստանյան մամուլի 11.748 հրապարակումներից 221-ում՝ 1.9 տոկոս և վրացական մամուլի 4.593 հրապարակումներից 115-ում՝ 2.5 տոկոս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ