Լուսահովտում միակ թեկնածուն գործող գյուղապետն է
Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284 է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983: Լուսահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական, 1980թ. ծնված Մարսել Մովսեսյանը: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1965թ. ծնված Կոմիտաս Էլլարյանը,ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ, 1974թ. ծնված Գագիկ Մադաթյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական,1980թ. ծնված Սեյրան Սարիբեկյանը: Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուներն իրենց թեկնածությունը ներկայացրել են ինքնառաջադրմամբ:
Գագիկ Մադաթյանը Սարիգյուղի նախկին գյուղապետ Գերասիմ Մադաթյանի որդին է: Գագիկ Մադաթյանը համայնքի ղեկավարի թեկնածու էր նաեւ 2011թ. կայացած ընտրություններում: Այն ժամանակ նա հանդես էր գալիս որպես անկուսակցական: Կոմիտաս Էլլարյանը Սարիգյուղ համայնքը ղեկավարում է 2004 թվականից:
Նոյեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքում կայացել է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստ,որի ժամանակ հաստատվել է համայնքի ղեկավարի թեկնածու Մարսել Մովսեսյանի ինքնաբացարկը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ