Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն սկսել են «նեղել» մեծերին

Նոյեմբեր 22,2014 19:00

Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարի ավարտին Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գնահատեց մրցաշարը:

«Այս մրցաշարը ցույց տվեց, որ պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկներն աճում են, իսկ նրանցից քիչ ավելի տարիք ունեցողների մեջ ոմանք, ցավոք, մնում են նախկին մակարդակին: Նոր սերնդի հետ աշխատանքները, կարծում եմ, ճիշտ են կատարվում: Նրանք՝ փոխարինողները, գալիս են: Ինքներդ տեսաք, որ երկու քաշային կարգերում՝ 49 կգ եւ 56 կգ, հանրապետության երեկվա պատանիները, երիտասարդները դարձան մեծահասակների չեմպիոն: Եվ նրանք եկող տարի այս քաշային կարգերում արդեն առաջատար բռնցքամարտիկներն են: Իհարկե, հանրապետության անցած տարվա հաղթողներին չենք մոռանա, քանի որ սա աշխատանքային ընթացակարգ է: Հավաքներում կպարզվի, թե ով ինչի է ընդունակ՝ գալիք միջազգային մրցաշարերի համար: Հիմա հավաքականի հիմնական կորիզն արդեն կա: Բայց դա քիչ է: Մենք դեռ պետք է տղաների հետ աշխատենք: Խնդիրներ էլ ունենք, որոնց առաջ հայտնվել ենք մեր կամքից անկախ՝ 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերը, որի արդյունքներով պետք է մասնակցենք աշխարհի առաջնությանը: Այս խնդիրը վերաբերում է մյուս մարզաձեւերին նույնպես: Չգիտենք, թե մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը Ադրբեջան մեկնել-չմեկնելու ինչ որոշում կկայացնի, բայց խնդիրն այսօրվա վիճակով առկա է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ այս մրցաշարին չի մասնակցում աշխարհի երիտասարդների եւ պատանիների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: «Ինձ համար էլ անհասկանալի է ու չգիտեմ՝ ինչ ասել: Ամեն դեպքում դրա պատասխանատուն նրա անձնական մարզիչն է: Ասում են Նարեկի ձեռքն է ցավում: Բնական է: Ֆուտբոլիստի էլ ոտքն է ցավում: Ուրեմն ֆուտբոլ չպիտի՞ խաղա: Դրա համար պետք է բժշկական համապատասխան թղթեր բերվեն, որպեսզի մենք էլ հասկանանք Նարեկի առողջական խնդրի էությունը», – պատասխանեց գլխավոր մարզիչը: Հարցին, թե Նարեկին ի՞նչ ճակատագիր է սպասվում մեծահասակների հավաքականում, Դավիթ Թորոսյանը պատասխանեց. «Նարեկը մեր լավագույն բռնցքամարտիկներից է: Բայց մարզիկին մեծահասակների հավաքական հրավիրելու հիմք այս պահին չունեմ: Ինչպե՞ս հենվեմ մի բռնցքամարտիկի վրա, որը չի մասնակցել ընտրական բնույթ ունեցող այս մրցաշարին: Բայց Նարեկին մեր հաշվարկներից, կարծում եմ, չենք հանի: Ընթացքում կտեսնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930