Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Բաթումիում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով

Նոյեմբեր 22,2014 16:27

Բաթումիում նոյեմբերի 20-21-ին ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովում ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ: Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիևան համաժողովի երկրորդ օրը, երբ ելույթ էր ունենում Արևելյան գործընկերության անդամ երկրներում եվրաինտեգրման ինդեքսի մասին, առիթը բաց չթողնելով՝ սահուն կերպով անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նա մասնավորապես հնչեցրեց, թե  եվրաինտեգրման գործընթացում եղած խնդիրների պատճառն այն է, որ հակամարտությունները լուծված չեն: Հետո էլ շեշտեց, թե «օրինակ, ղարաբաղյան հակամարտության հետ կապված խախտվել է տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչին Եվրոպան մեծ ուշադրություն չդարձրեց, դրա համար էլ այժմ իրավիճակն այսպիսին է»: Ըստ էության Լեյլա Ալիևան զուգահեռներ տարավ Ուկրաինայում իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության միջև:

Այս հայտարարությանը միջամտեց հայաստանյան պատվիրակության անդամ, Ֆորումի Միջանձնային կապեր խմբի կոորդինատոր Հովսեփ Խուրշուդյանը: Նա, դիմելով Ալիևային ասաց, թե «սա այն հարթակը չէ, որտեղ ղարաբաղյան հարցն է պետք բարձրացնել ու եթե ցանկանում են, թող առանձին քննարկում հրավիրվի այդ թեմայով»: Հովսեփ Խուրշուդյանը հիշեցրեց, թե մեկ օր առաջ էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաևան էր հիշատակում ղարաբաղյան հակամարտության թեման, ինչին պատասխան չտրվեց՝ իրավիճակը չսրելու մտադրությամբ:

Հովսեփ Խուրշուդյանը, թեման փակելով, ասաց. «Զուգահեռները Ղրիմի և Ուկրաինայի հետ հիմք չունեն: Հենց միայն այն, որ ղարաբաղյան հակամարտության տարածքը միակն է ամբողջ հետխորհրդային տարածքում, որտեղ ռուսական զորքեր չկան, քանի որ ԼՂՀ իշխանությունները դեմ են ռուսական զորքերի տեղակայմանը՝ որպես խաղաղապահների, վկայում է այն մասին, որ այդ հակամարտությունը ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՌԴ-ն այս երկու տարվա ընթացքում 3-4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին և նման կերպ ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում հասնելու նրան, որ տարածաշրջանում ռուսական զորքեր տեղակայի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930