Այսօր «Անալիտիկ» կենտրոնում Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպումը հայտնի երգի տողերով սկսեց` միայն զենքով կա հային փրկություն:
Մեկնաբանելով վերոնշյալ տողերը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը ասաց. «Մի դեպքում այդ զենքը բանակում ծառայող զինվորի ձեռքին եղած զենքն է, իմ դեպքում՝ կրթությունը, մշակույթի գործիչների պարագայում՝ մշակույթը և այսպես շարունակ: Մենք՝ բոլոր ոլորտների ներկայացուցիչներս պարտավոր ենք մեր ունեցած զենքերով պահել, պահպանել ու հզորացնել մեր երկիրը:
Առաջին հերթին դա պարտավոր են անել իշխանության ներկայացուցիչները, որոշում կայացնողները, բյուջեն գրողներն ու մատակարարողները, բոլոր այն օլիգարխները, որոնք բյուջեի նկատմամբ իրենց պարտավորությունները չեն կատարում: Բոլոր նրանք, ովքեր իրենց հատկացված զենքերը չեն օգտագործում, չեմ ասի՝ ինչ են»:
Խոսելով ներկայիս կրթական վիճակի ու թերացումների մասին, տիկին Բախշյանը կիսվեց մտահոգություններով. «Մեր երկիրն անցել է տասներկուամյա պարտադիր կրթության: Նշանակում է՝ մեր երիտասարդները հիմնական դպրոցից հետո պետք է սովորեն ավագ դպրոցներում, քոլեջներում, արհեստագործական ուսումնարաններում: Այս կրթությունը պետությունը երաշխավորում է, այսինքն՝ դպրոցներն անվճար են, պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, քոլեջներն ու ուսումնական հաստատությունները՝ նույնպես, բայց ինչպիսի՞ կրթություն է ապահովում, օրինակ, արհեստագործական ուսումնական հաստատությունը կամ քոլեջը:
Կարդացեք նաև
Մենք գիտենք՝ ինչքան պահանջարկ ունեն լավ արհեստավորները: Օրինակ, քաղաքապետարանում իմացել եմ, որ վերելակների վերանորոգման գծով մենք համարյա մասնագետ չունենք և այսօր այնտեղ շատ մեծ պահանջարկ կա: Ունե՞նք արդյոք նման կրթական կառույց, որը կբավարարի այդ պահանջարկը: Որքանով հետաքրքրվել եմ՝ չեմ գտել նման արհեստագործական ուսումնարան: Մենք տեխնիկների, շինարարության մեջ տարբեր մասնագիտացում ունեցող անձանց մեծ կարիք ունենք: Որքա՞ն են արհեստագործական ուսումնարանները պատրաստ այդ գծով պատշաճ կրթություն ապահովել»:
Անահիտ Բախշյանը նկատեց, որ ներկայումս գործող արհեստագործական ուսումնարանները խորհրդային գույք ու գործիքներ ունեն, արհեստանոցները նույնպես հին են: Թարմացվել են միայն այն մասնագիտական գործիքներն ու արհեստանոցները, որոնք հիմա շատ ավելի նախընտրելի են: Մինչդեռ Հայաստանում իսկապես լուրջ պահանջարկ ունեն ոչ միայն վարսահարդարները, հրուշակագործներն ու ոսկերիչները, այլ նաև դերձակները, սալահատակների ու մանրահատակների մասնագետները: Նա նաև ցավով նկատեց, որ վերոնշյալ արհեստներին տիրապետող անձինք հիմնականում «դրսում» են աշխատում:
«Միայն հիշեցնեմ, որ 2006 թվականին Եվրամիության կողմից կոնկրետ չեմ հիշում՝ ինչքան, բայց Հայաստանը հսկայական գումար վերցրեց՝ տասներկու տարածքային քոլեջներ ունենալու նպատակով, որոնք հիմնանորոգված ու ժամանակակից կրթություն կապահովեն: Անկեղծ ասած չգիտեմ՝ այդ ծրագիրն իրագործվել է, թե՝ ոչ, ինչքանով վերանորոգվեցին այդ տասներկու տարածքային քոլեջները: Կապանի քոլեջից տեղեկություն ունեմ. աշխատանքները կիսատ են թողնված: Բայց թե ինչպես է ներկայացված ծրագրի զեկույցում, հայտնի չէ»:
Անդրադառնալով տարածքային քոլեջներին՝ Անահիտ Բախշյանը նաև հիշեց, որ Նոյեմբերանում գործող արհեստագործական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի մարդ, որը ժամանակին գազի-ջրի հարկահավաք է եղել: Մեղրիում նույնպես նման մի նշանակում կա. «Տասներկուամյա պարտադիր կրթությունը պետք է զորացնի տվյալ բնագավառի ուսումնական հաստատությունները: Այստեղ նույնպես անհրաժեշտ են ոլորտը լավ իմացող մարդիկ, կազմակերպիչներ, կառավարիչներ ու տնօրեններ, որպեսզի կարողանան ճիշտ կազմակերպել կրթական ամբողջ գործընթացը: Բայց այն, որ պատահական մարդիկ դառնում են այդ կարևոր ուսումնական հաստատությունների տնօրեններ, չի ներշնչում վստահություն՝ արհեստագործական ուսումնարանների կրթական որակի նկատմամբ: Ուսումնարանների վստահությունը բարձրացնելու համար նախ պետք է ապահովված լինենք պատշաճ, ճիշտ, ոլորտին տիրապետող ու ստեղծագործող մարդկանցով, որպեսզի նրանք կարողանան փոսից հանել այս հաստատությունների գործունեությունը, քանի որ պետությունն ինքը կարևորում է նրանց դերը կրթական ոլորտում»,- ասաց նա:
Սյունե ՍԵՒԱԴԱ