ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն 2013թ.-ին ֆիզիկական խնդիրներ ունեցող 768 երեխա է ծնվել, որոնց թիվը 21-ով ավելի է 2012 թվականի և 49-ով ավելի՝ 2011թ.-ի հրապարակած տվյալներից:
Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ «Հենարան» ակումբում նշեց, որ արատավոր երեխաների ծնելիության այս աճը պայմանավորված է այն ինֆեկցիաների հետ, որոնք կրում են թաքնված բնույթ եւ ոչնչով չեն արտահայտվում։
«Արատավոր երեխաների ծնվելու պատճառների մեծ մասը, այն վիրուսային ինֆեկցիաներն են, որոնք բոլորիս մոտ կան։ Վիրուսներից հիմնականը ցիտոմեգալո եւ հերպես վիրուսներն են, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով։ Կողքից հազում են, փռշտում են, գրիպով վարակում են եւ այդ ճանապարհով վիրուսը սկսում է տարածվել»,-ներկայացրեց գինեկոլոգը։
Պրն Պողոսյանը իր խոսքում նշեց, որ այդ վիրուսները լինում են երկու տեսակի՝ քնած եւ արթուն. «Վիրուսի քնած տեսակը ոչնչով չի արտահայտվում, իսկ եթե արթուն է լինում այն, ապա հղիության կեսից այն արտահայտվում է եւ ծնվում է արատավոր երեխա»։ Գինեկոլոգի ներկայացմամբ՝ վիրուսների պատճառով երեխաները ծնվում են այնպիսի արատներով, ինչպիսին են ողնաշարի ճողվածք, ծայրանդամների բացակայություն, կարող են լինել վիժումներ, պտղի բացակայություն, կարող է երեխան ծնվել խուլ, համր , կույր, դաունի հիվանդություններով։
Պրն Պողոսյանը վիրուսների տարածման հիմանական պատճառ է համարում այն, որ երիտասարդները առողջ ապրելակերպ չեն վարում. «Աղջիկները սիրուն կազմվածքի հասնում են անհիմն դիետաների միջոցով, լավ չեն սնվում՝ արդյունքում դիմադրողականությունն իջնում է եւ վիրուսները զարթնում են»։ Մյուս պատճառն էլ այն է, որ մեր երկրում մինչ ամուսնական բժշկական քննություն չկա. «Ամուսնանում են եւ հետո բաժանվում են այն բանի համար, որովհետեւ չի հղիացել կամ ունեցել է հիվանդ երեխա»։
«Կարելի է բուժել եւ շատ հանգիստ ունենալ առողջ բալիկ»,-անդրադառնալով վերջերս Մալաթիա բժշկական կենտրոնում առանց ծայրանդամների ծնված երեխայի դեպքին՝ նշեց բժիշկը։ Պրն Պողոսյանը չի մեղադրում բժշկին, արատը կարող էր բացահայտված չլիներ, քանի որ կարող է երեխայի դիրքն այնպիսին լիներ, որ ստուգման ընթացքում բժիշկը նկատած չլիներ։ Կարող է՝ պտղի զարգացման ժամանակ մայրը ծանր հիվանդություն է տարել եւ որեւէ դեղորայք է խմել։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ