Այնինչ, պարզվում է, որ ատելությունը մարդկանց, երբեմն նաեւ ժողովուրդներին, ճակատագրաբար ավելի է միավորում իրար, քան սերը: Դառը եզրակացություն է՝ անշուշտ, թեեւ մենք բոլորս միաժամանակ հնարավորություն ունենք տեսնելու ե՛ւ աստղալից երկինքը, ե՛ւ կրակը, ե՛ւ հոսող ջուրը՝ ապրելով նույն մոլորակի վրա:
Բայց պարզվում է նաեւ, որ ժամանակների մեջ իրար կապված ենք մնում ատելության ծանր շղթաներով, քանի որ մահկանացուներից շատերին չի տրված, այդ թվում՝ մահկանացու ցեղերին, հասու լինելու բարձրագույն երանությանը, ուր մեղավորը հրապարակավ ընդունելով իր մեղքը՝ կարող է մաքրել իրեն հանցանքի անցյալից…
Եվ հիմա որոնելով կայացածի եւ չկայացածի խորհուրդը՝ ամենօրյա մամուլահալած իմ միտքը հստակ տեսնում է, որ մեր ցեղի ցավը տիեզերական է, քանի որ սեւ եղունգներով մի ձեռք կամ պոկել, կամ փակել է Օրիոն մեր հայրենական աստղի լույսը:
Սակայն կային երանելի ժամանակներ, երբ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվում էին մետաքսի երեք արձակ ճանապարհներ՝ սկսած Ալեքսանդր Մեծի օրերից, այսինքն թե՝ գրեթե երկու հազար հինգ հարյուր տարի կենդանի երակ կար Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, քանի դեռ Բոսֆորի ափին չէին հայտնվել թուրք սելջուկները, ուր մինչեւ այդ տեր ու տնօրեն էր Կոստանդնուպոլիս շքեղ քաղաքը…
Վերջերս Սոնա թոռնիկս ինձ հարցրեց՝ ինչո՞ւ կա սատանայի եղունգ քար, բայց չկա հրեշտակի եղունգ:
Կարդացեք նաև
Տարօրինակ էր, բայց ես պատասխան չգտա: Ու անմիջապես էլ հիշեցի մեծ պատմության հանելուկներից մեկը. թե ինչպես էր պատահել, որ աշխարհի մայրաքաղաքի՝ տարօրինակորեն հայերեն հնչող Կերկապորտ դուռը պաշտպանները մոռացել ու բաց էին թողել, որտեղով էլ եղբայրասպան Մահմուդ Երկրորդի հրոսակները ներխուժեցին քրիստոնեության միջնաբերդ եւ շրջեցին քաղաքակրթության պատմությունը:
Տագնապահար Եվրոպան, կարոտելով Արեւելքի շքեղությանը, փնտրեց մետաքսի նոր ճանապարհներ եւ դրանք գտավ ծովով: Հիմա գրելով այս տողերը՝ ես մտածում եմ, որ թուրքերի բնույթը ճանապարհներ փակելն է, ինչպես որ մեր ճանապարհն է փակել այսօր:
Մտածում եմ նաեւ, որ մենք ճանապարհն անպայման կբացենք, միայն թե, միայն թե՝ ինքներս մեր մեջ չմոռանանք սեփական ձեռքով դեպի դուրս բացել այն դուռը, որը ներսից է բացվում, ինչի մասին բոլորովին վերջերս գիշերվա մեջ հայոց հրաշալի բանակի առջեւ խոսում էր մեր երկրի նախագահը:
Տեսարանը, կարելի է ասել, միստիկական-առեղծվածային էր: Եվ ես նրա խոսքի մեջ հստակ տեսնում էի ե՛ւ մեր ներսի դուռը, ե՛ւ բանալին, որը պետք է բացեր այդ դուռը:
Եվ բացողը մենք ենք լինելու:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014