Քաղաքացիական հասարակության կայացման, անվտանգության, աշխարհաքաղաքական ոլորտում քաղաքացիական հասարակության դերակատարության հարցերն արդիական են: Նոյեմբերի 20-21-ին Բաթումում մեկնարկեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովը: Արեւելյան գործընկերության անդամ երկրների քննարկումները տարբեր աշխատանքային խմբերում անցնում են հենց այս խնդիրների վրա շեշտադրումներով:
«Առավոտը» զրուցեց պատվիրակների հետ՝ պարզելու ամենահրատապ խնդիրները անդամ երկրներում:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին նշեց, որ մի շարք խնդիրներ անհանգստացնում են իրենց, թեեւ իրավիճակը բավականին բարելավվել է: Նա ասաց. «Այսօր մեր խնդիրը ավելի համաձայնեցված ու արդյունավետ գործունեություն ծավալելն է»:
Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգողը մի շարք խնդիրներ նշելով՝ ասաց նաեւ, որ քաղհասարակությանը ներկայացվող պահանջների «պլանկան» բարձրացրել են, ու մանրամասնեց. «Կան բազում խնդիրներ, բայց մենք ունենք լավ փորձագետներ, ակտիվիստներ, որոնք տարբեր խնդիրներով են զբաղվում: Մենք այսօր ավելի մեծ պահանջներ ունենք քաղաքացիական հասարակությունից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիր»: Պարոն Տուգուշին մտահոգում են լրատվամիջոցների դաշտում գոյություն ունեցող խնդիրները: Մասնավորապես նա նշեց, թե Վրաստանում պետական լրատվամիջոցներ գոյություն չունեն, մյուս կողմից՝ շուկան կայացած չէ. «Այսօր մենք ունենք խնդիրներ լրատվամիջոցների շուկայի զարգացման տեսանկյունից, մասնավորապես կայացած չէ գովազդային շուկան: Այս ուղղությամբ ունենք բազում անելիքներ»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւայից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրն ավելի շատ կապված չէ՞ իշխանությունների քաղաքական կամքի հետ: Նա պատասխանեց. «Իհարկե՝ այո»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Արզու Աբդուլաեւան խոսեց Ադրբեջանում գոյություն ունեցող վախի մթնոլորտի մասին ու մանրամասնեց. «Ուկրաինական վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի վարած քաղաքականությունը բացասական ազդեցություն գործեցին Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ Ալիեւի եւ նրա քաղաքական թիմի վրա: Այժմ նրանք վախի մթնոլորտում են ապրում: Ուկրաինական իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել: Նաեւ միտում է նկատվում Ուկրաինային Ռուսաստանի հետ միայնակ դեմ առ դեմ թողնելու առումով»: Արզու Աբդուլաեւան կարծում է, որ Ռուսաստանն է՛լ ավելի ագրեսիվ է դարձել: Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ հնարավոր է մայդան լինի նաեւ Ադրբեջանում:
Մեկնաբանելով այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները բխում են նաեւ աշխարհաքաղաքական վախերից՝ ադրբեջանցի իրավապաշտպանը չժխտեց, որ դա առաջին հերթին իրենց իշխանությունների քաղաքական կամքի բացակայության արդյունք է: Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, թե հույս ունի, որ մոտ ապագայում բանտերում գտնվող մարդու իրավապաշտպանները, լրագրողներն ու ակտիվիստները ազատ կարձակվեն: Արզու Աբդուլաեւան եզրափակեց. «Անհնար է բոլոր այդ մարդկանց անվերջ պահել բանտերում: Նրանք մարդու իրավունքների հայտնի պաշտպաններ են, լրագրողներ, որոնք, ի դեպ, բոլորովին մեղավոր չեն: Սակայն մեր երկրում ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում, այլ քայլ առ քայլ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բաթում
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014