Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիս երեխաներին ծնողները հերթապահ են կանգնում, որ մեքենայի տակ չընկնեն

Նոյեմբեր 22,2014 16:30

Արզումանյան փողոցի 3-րդ շենքի բակը ոչ հանգստի գոտի ունի,
ոչ էլ խաղահրապարակ

Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի 3-րդ շենքի բնակիչներն արդեն մեկ ամիս է՝ պայքարում են, որպեսզի բակում երեխաների խաղահրապարակի փոքրիկ տարածքը հերթական ապօրինի շինության զոհ չդառնա: Այդ հատվածը բակի միակ կանաչ գոտին է, որտեղ շենքի բնակիչները կարող են եթե ոչ՝ զբոսնել, ապա գոնե կանգնել կամ մի նստարան տեղադրել:

«Այս շենքի բակը ամբողջությամբ կանաչ գոտի էր, ծառաշատ, բայց 90-ական թվականների մութ ու ցուրտ ժամանակներում հիմնական ծառերը կտրվեցին, եւ ազատ տարածքները դարձան ավտոտնակներ, իսկ կանաչ գոտու համար նախատեսված տարածքը սեփականաշնորհված է՝ վերածված աղբանոցի»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դժգոհություն հայտնեց Արզումանյան շենքի բնակիչներից մեկը՝ տիկին Նվարդը:
Մեր այցելության ժամանակ, երբ բնակիչները հավաքվել էին իրենց բողոքը ներկայացնելու քաղաքային իշխանություններին, անգամ կանգնելու համար հարմար տեղ չկար, եւ մարդիկ ստիված էին ավտոմեքենաներով բանուկ հատվածում կանգնել: Բակում ո՛չ նստարաններ կան, ո՛չ խաղահրապարակ: Երեխաները չեն կարողանում հանգիստ խաղալ, իսկ շենքի տղամարդիկ հանգստանալու եւ զրուցելու համար հավաքվում են որեւէ մեկի ավտոտնակում:

Arzumanyan Arzumanyan-2

«Ես 3 երեխաների մայր եմ: Երեխաներիս հետ բակ եմ իջնում, հերթապահում, որ հանգիստ խաղան` չընկնեն մեքենայի տակ: Իմ մանկությունը այս բակում է անցել, խաղահրապարակ ունեինք, խաղում էինք, հիմա ես իմ երեխաներին ի՞նչ եմ տալիս: Կառավարությունն ասում է՝ պետք է նպաստել, որ շատ երեխաներ ունենա ազգը, բայց այդ երեխաների համար ի՞նչ պայմաններ են ստեղծում, դրա մասին չեն մտածում»,- ասում է 28 բնակարանի բնակչուհի Հայարփի Օհանյանը:

Նկատեցինք, որ բակում երեխաները մեքենաների երթեւեկության համար նախատեսված տարածքում էին խաղում՝ զգուշանալով անցուդարձ անող մեքենաներից, կամ որ հանկարծ գնդակով չհարվածեն բնակիչների պատուհաններին ու մեքենաներին:
Փոքրիկ Գրիգորը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ շատ հաճախ գնում են կողքի շենքի բակում խաղալու:

Շենքի մեկ այլ բնակչի՝ Ալինա Մաթեւոսյանի խոսքերով էլ՝ խաղահրապարակ հիմնելու հարցով պատրաստվել են Երեւանի քաղաքապետարան դիմել, բայց, ինչպես տիկին Ալինան է ասում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ. «Մեկ ամիս առաջ ինչ-որ մարդիկ եկան, զգուշացրին, որ «Կամազ» մակնիշի մեքենան, որը պատկանում է իմ ամուսնուն, տարածքից հանենք, քանի որ տարածքը աճուրդով վաճառվել է եւ շուտով ինչ-որ կառույց է լինելու այդ տեղում»:

Ըստ տիկին Ալինայի՝ այս փողոցում մի քանի բակ արդեն խաղահրապարակ ունի. «Մենք էլ սպասում էինք, որ հաջորդը մեր բակում է լինելու՝ թեկուզ փոքրիկ, բայց երեխաներին խաղալու տեղ հատկացվեր, բայց մեկ էլ եկան ու անակնկալի բերեցին: Այսինքն՝ եթե մեքենան այստեղ չկանգներ, մենք այդպես էլ չէինք իմանա, որ տարածքը վաճառել են»:
Նշենք, որ բնակիչները դիմել էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով, որ շենքին պատկանող մոտ 100 քառակուսի մետր տարածքը, որի միայն մի մասը ունի սեփականատեր, իսկ մյուս մասը անհայտ մարդու կողմից ապօրինի զավթված է, հատկացնեն բնակիչներին՝ երեխաների համար խաղահրապարակ հիմնելու նպատակով:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը բնակիչների դիմումին պատասխանել է, որ շենքի հարակից տարածքում որեւէ անձի կողմից հողազավթման գործողություն չի կատարվել, եւ առկա չէ որեւէ իրավախախտման փաստ:

Իսկ ինչ վերաբերում է շենքի հարակից տարածքում հանգստի գոտի ստեղծելու նպատակով բնակիչներին տարածք հատկացնելու հարցին, քաղաքապետարանից պատասխանել են, որ բազմաբնակարան բնակելի շենքերի համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքներում հանգստի գոտիներ ստեղծելու հարցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերի օրակարգում, որին քաղաքապետարանը անդրադառնում է համապատասխան ծրագրերի շրջանակում:

«Տարածքը շահութաբեր է՝ այդտեղ քոլեջ, ինստիտուտ ու դպրոց կա, հավանաբար մտածում են դրանց հարակից խանութ կառուցեն: Ասում են, որ այնպիսի մարդիկ են կանգնած սեփականատիրոջ կողքին, որ անիմաստ է պայքարել, բայց մեր եւ մեր երեխաների իրավունքն է, թողնենք ով որտեղ ինչ ուզում է՝ կառուցի՞», ասում է տիկին Ալինան:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    ծնողները հերթապահ են կանգնում ,որ երեխաները Խաղալիս մեքենայի տակ չընկնեն ,-ավելի հարմար վերնագիր

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930