ՄԻԱՎ-ի համար կհետազոտվեն շարժական բուժախտորոշիչ կլինիկայում
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է դեկտեմբերի մեկին, այսօրվանից սկսած մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն հանրային միջոցառումներ՝ «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունից: Միջոցառումները կանցկացվեն Երեւանում, որի նպատակն է խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում, եւ փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաեւ ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարեւոր է սեփական առողջությունը պահպանելու եւ վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպությունից, «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառումների շարքի շրջանակներում նախատեսվում է անցորդներին ընձեռել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա եւ հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Խորհրդատվությունը կտրամադրվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայում, ինչի շնորհիվ կապահովվի գաղտնիությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերմամբ եւ, հետեւաբար, բուժումն ուշ սկսելով. «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսեւորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաեւ նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը»:
Միջոցառումներին, որոնք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա շրջանակներում են, միացել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
Կարդացեք նաև
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014