Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները» զինակոչիկի մոր համար չեն

Նոյեմբեր 22,2014 15:30

Վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, դիմելով զինվորներին, ասել էր. «Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սեւեռված էին այստեղ՝ ձեզ վրա, եւ դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ դուք մեր հույսն եք եւ մեր հավատը, դուք մեր սուրն եք եւ վահանը, իսկ ինչպես հայտնի է, վահանը ամուր է լինում, սուրը՝ շեշտակի, երբ դրանք գործադրվում են արդար նպատակով»:

Մեծ Այրում համայնքում բնակվող, երկրին «սուր ու վահան» տված Մկրտչյանների բազմանդամ, սոցիալապես անապահով ընտանիքն այլեւս, գլխավոր հրամանատարի ասած՝ «հպարտ հայացքով» չի կարող նայել «մեր հույս ու հավատին»՝ զինվոր որդուն, որովհետեւ ընտանիքի 7 երեխաների մայրը՝ Մարինա Հայրապետյանը, իրեն նվաստացած ու անզոր է զգում:

1969թ. ծնված Մարինա Հայրապետյանի մոտ Ալավերդու բժշկական կենտրոնում հայտնաբերվել է միտրալ ստենոզ, սրտային անբավարարություն եւ տրվել է ուղեգիր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ուր նա անվճար հետազոտվել է: Երկու բժշկական կենտրոնների մասնագետների կողմից առաջարկվել են բուժման տարբեր եղանակներ, այդ թվում՝ վիրահատություն: Սակայն զինվորի մորն անվճար վիրահատել ոչ ոք չի պատրաստվում: Իրավաբանական օգնություն ստանալու համար Մարինա Հայրապետյանի ամուսինը՝ Զաքար Մկրտչյանը, դիմել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, պաշտպանության նախարարներին հասցեագրված գրություններում կազմակերպությունը խնդրել է հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը եւ հիմք ընդունելով կառավարության 2013թ. թիվ 1515-Ն որոշումը, քաղաքացուն անվճար տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնությունը (վերջնական բուժման նշանակում եւ բուժում):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պատասխանը եղել է հետեւյալը. «Մարինա Հայրապետյանի ընտանիքի անապահովության գնահատման միավորը կազմել է 28.47, որը ցածր է ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված սահմանային մեծության 30.00 միավորից, ուստի ընտանիքն ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ձեռք չի բերել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարինա Հայրապետյանը հաշմանդամության կարգավիճակ չունի»:

Առողջապահության նախարարությունից էլ պարզաբանել են, որ «Մարինա Հայրապետյանը, որպես ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողի ընտանիքի անդամ, ընդգրկված է 25.07.2013թ. «Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N806-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 2-րդ կետով նշված ցանկում եւ օգտվում է սահմանված արտոնությունից: Ելնելով վերոգրյալից, ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացուն տրամադրել է ուղեգիր՝ «Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ում կորոնարոգրաֆիա հետազոտությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն նույն որոշման հավելված 2-ի 2-րդ ենթակետի, 2բ կետի՝ ՀՀ առողջապահության նախարարի 28.09.2013թ. թիվ 57-Ն հրամանով հաստատված «Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների» չափորոշչի՝ սրտի անվճար վիրահատությունը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների վրա չի տարածվում»: Պաշտպանության նախարարը նույնպես հավաստել է, որ ըստ վերը նշված որոշման՝ «նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները» ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների վրա չի տարածվում:

Ակամա հիշեցի զորավարժությունների ժամանակ ՀՀ գլխավոր հրամանատարի խոսքից մի հատված. «Հիշե՛ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաեւ՝ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, եւ դուք եք երաշխավորը այդ իրավունքների»: Հիմա հարցնում եմ՝ ինչպե՞ս Մարինա Հայրապետյանի զինվոր որդին պաշտպանի իր մոր՝ «թղթի վրա գրված» առողջ լինելու իրավունքը, եթե չկա համապատասխան գումարը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930