Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանն ընդդեմ «օճառային» հոգեբանության

Նոյեմբեր 22,2014 14:30

Մոսկվայում օրերս անցկացված 10-րդ միջազգային մեդիա կոնֆերանսից հետո «Անտարես» մեդիա հոլգինդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հանգել է եզրակացության, որ մամուլի ու գրքերի տպաքանակի, գնելիության անկումը պայմանավորված է մշակութային նշաձողի անկմամբ:

«Այն ժամանակը, որ 20 տարի առաջ մարդը տրամադրում էր ինքնակրթության, ինֆորմացիայի հայթայթման վրա, այսօր քչացել է կամ վերացել,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Արմեն Մարտիրոսյանն ու շարունակեց խոսքը,- բազմիցս խոսել եմ Վրաստանի ֆենոմենի մասին, որտեղ էլեկտրոնային գրքերին զուգահեռ, թղթե գիրքն էլ է շատ վաճառվում, ավելանում է նաեւ մամուլի վաճառքը»:

Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ բոլոր տոտալիտար եւ կոռումպացված երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, խնդիրները նման են՝ փոքր-ինչ տարբերությամբ: Խնդրեցինք բացել «փակագծերը»: «Գլխավոր տարբերությունն այն է, թե նախեւառաջ ինչ կրթական, գիտելիքային ու հումանիտար ցենզ ունեն Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները: ՌԴ վարչապետն, օրինակ, գիտնական է, երկար տարիների դասախոսական ստաժով, Պուտինը եղել է ԿԳԲ-ի գնդապետ, բայց տեսնում ենք, թե ինչպես, մեծ ցանկության դեպքում նույնիսկ, քննադատները ընդհանուր գիտելիքների պակաս չեն կարողանում արձանագրել ՌԴ նախագահի գործունեության մեջ: Կարճ ասած՝ ոչ ոք չի կարող ասել, թե նա ինտելեկտուալ անձնավորություն չէ,- ասաց պարոն Մարտիրոսյանը, հետո էլ հավելեց,- մինչդեռ մեր իշխանությունների օրակարգում կարծես հիմնական թեզ է դարձել այն, որ քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք հարկավոր չէ: Մեր հասարակությունն էլ սարսափելի կոռումպացված է, ու խնդիրն էլ հենց այստեղ է թաղված: Նման հասարակությունը կրթվելու խթան չունի, փոխարենն ունի կոռումպացիոն լծակներն աշխատեցնելու խթան՝ քավոր-սանիկ, դասարանցի, կուրսեցի, բաջանաղ, քենի եւ այլ «սխեմաներ»:

Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին, թե մեր ղեկավարները ունեն գոնե մեկ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այո, ունեն: Հիշատակածս «սխեմաներում» գիտելիք չի պահանջվում, պահանջվում է դիպլոմ: Դա է պատճառը, որ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում ինչքան տգետ ղեկավարներ ունեինք՝ դարձան գիտությունների թեկնածու, դոկտոր… Բայց, ի տարբերություն մեզ, օրինակ, ռուս գիտնականները թույլ չտվեցին, որ իրենց կողքին կանգնեն պաշտոնյա տգետներ»:

Հարցին՝ իսկ ի՞նչ ելք է տեսնում, մեդիա հոլդինգի նախագահը պատասխանեց. «1998-ից սկսած՝ տգիտության դրոշի ներքո ապրելու փոխարեն անհրաժեշտ է, որ ճիգ գործադրել՝ թեկուզ այս պայմաններում բարձրացնել մեր հասարակությանը: Ուշացումով, բայց վերջապես գիտակցենք, որ առանց գիտելիքի, առանց մշակույթի եւ հումանիտար արժեքների արժանապատիվ ապագա գոյություն ունենալ չի կարող»: Արմեն Մարտիրոսյանը հույսը չի կորցնում, համոզված է, որ ցանկալին կլինի միայն մի դեպքում, երբ իշխանության մեջ հայտնվեն շատ ինտելեկտուալներ, ինչի արդյունքում, իր խոսքերով՝ ստեղծված «օճառային» հոգեբանությունն ի վերջո տանուլ կտա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում`  Արմեն Մարտիրոսյանը՝ մոսկովյան ֆորումում:

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակյան says:

    Հետաքրքիր է քանի գիրք ես ամբողջ կյանքիդ ընթացքում կարդացել, Արմեն, որ այդպես քննադատում ես բոլորին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930