Նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում կայացավ Թուրքիայի Հանրապետության պատմության գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ իրադարձության կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկումներ ծավալվեցին, որտեղ դժգոհությունների ալիք բարձրացվեց, միանշանակ շեշտվելով, որ կարիք չկար պրոպագանդելու Թուրքիայի Հանրապետության պատմության կասկածելի ճշմարտացիությունը:
«Առավոտի» հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ չնայած դեռ չգիտի, թե գրքի միջինն ինչ է, սակայն ըստ նրա՝ նման դասագիրք պետք էր: «Բայց շնորհանդեսը չեմ հասկանում: Չեմ կարծում, թե արժեր շուք տալ այդ իրադարձությանը», -ավելացրեց Լեւոն Բարսեղյանը:
«Առավոտը» Թուրքիայի Հանրապետության մասին գրքի վերաբերյալ կարծիք հարցրեց նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանից, որն էլ պատասխանելով հարցին, թե ինչ դասագիրք է դա, հետեւյալն ասաց. «Գրքի հեղինակը Ռուբեն Մելքոնյանն է, ԵՊՀ-ի արեւելագիտական ֆակուլտետի փոխդեկանը: Դա դասագիրք է, իրենք կուրս են անցնում Թուրքիայի Հանրապետության, այդ առարկան դասավանդվում է: Ես երկու օր առաջ այդ գիրքը թերթեցի, պատմությունը մինչեւ մեր օրերը համարյա հասնում է եւ վերջացվում Էրդողանի քաղաքականությամբ: Տարբեր թեմաներ ունեն, ընդ որում, հիմնականում Օսմանյան կայսրությունից հետո պատմությունն ավելի խորացված է ներկայացված: Որպես դասագիրք շատ նորմալ է, պետք էր, որ դա լիներ: Իմ տպավորություններով, դա որպես դասագիրք կարելի է օգտագործել, որովհետեւ այնտեղ կա Թուրքիայի սոցիալ-տնտեսական կյանքը, ներկայացված է հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մասին է խոսվում եւ այլն: Բացի այդ՝ թուրք գործիչների կենսագրական տվյալներ են այնտեղ, թե ով ինչով է զբաղվել եւ այլն:
Մանրամասն դեռ չեմ նայել գիրքը, որպեսզի կարողանամ ասել՝ խեղաթյուրված փաստեր կա՞ն գրքում, թե՞ ոչ, բայց Ռուբեն Մելքոնյանին իմանալով, որը շատ հայրենասեր մարդ է, չեմ կարծում, որ այնտեղ նա հանդուրժած լինի կեղծիքը: Այդ գիրքը համատեղ գրել են, օգտվելով տարբեր աղբյուրներից: Գիրքն ամբողջությամբ, մանրամասն կարդալուց հետո, կարող եմ ավելի հստակ կարծիք հայտնել»:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014