Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մեդիագրագիտությունը սաղմնային վիճակում է»

Նոյեմբեր 22,2014 13:30

Մեդիափորձագետի ու համացանցից օգտվողների դիտարկումները

Մեդիագրագիտություն հասկացությունը մեծ տարածում ունի բոլոր զարգացած երկրներում: Մեդիագրագիտությունն այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ տեղեկատվական այս դարաշրջանում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկույթի սպառողներ են: Սակայն հենց նույն սպառողներից շատերը չգիտեն, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում մեդիագրագիտությունը: «Ինտերնետն ինձ համար միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու եւ ընկերներիս հետ շփվելու միջոց է: Հիմնականում օգտվում եմ ВКонтакте եւ facebook.com կայքերից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 18-ամյա Վահե Գրիգորյանը: 20-ամյա Տիգրան Մարկոսյանն էլ նախ մեզանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ասել է մեդիագրագիտություն, ապա նշեց, որ չի կարող պատասխանել մեր հարցին, քանի որ այդպես էլ չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը: Նման պատասխան այլ երիտասարդներից էլ ստացանք: Չնայած գտնվեցին նաեւ մարդիկ, որոնք կարեւորեցին մեդիագրագիտության անհրաժեշտությունը մեր օրերում:

«Պետք է «Մեդիագրագիտություն» առարկան դասավանդել դպրոցներում, համալսարաններում, քանի որ միայն մեդիայի այբբենարանը սովորելով՝ օգտատերը կկարողանա զերծ մնալ մեդիայի բացասական ազդեցությունից։ Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ ուսանողին հանձնարարում են վիդեո եւ աուդիո մոնտաժ կատարել, սակայն վերջիններս տեղյակ չեն, թե ինչից եւ ինչպես օգտվել: Կարծում եմ՝ պետք է ոչ միայն ուսանողներին կամ դպրոցահասակներին դասավանդել այս առարկան, այլեւ բոլոր ցանկացողներին»,- համոզված է լրագրող Սյուզաննա Թուսինյանը: Դիզայներ Գոհար Գրիգորյանն էլ հավելում է, որ մեդիագրագետ երեխան ավելի գիտակից ու տեղեկացված քաղաքացի է, որն իր որոշումները կայացնում է գիտակցված, որը տեղեկատվական հոսքերից կարողանում է քաղել այն, ինչ իրեն պետք է եւ օգտակար:

Մեդիագրագիտության կարեւորության մասին փաստեց նաեւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Մեդիագրագիտությունը դառնում է կարեւորագույն մտային ոլորտներից մեկը, քանի որ մարդկությունը մտել է իր զարգացման աննախադեպ փուլ, այսինքն՝ ժամանակներ են, երբ տեղեկատվական հոսքերն աննկարագրելիորեն աճում են: Մարդը հայտնվում է իրավիճակում, երբ պետք է ունակ լինել զատել կարեւոր, օգտակար եւ ճշգրիտ տեղեկատվությունը։ Հակառակ դեպքում՝ մարդը եւ հասարակությունը կարող են դառնալ խիստ կառավարելի եւ անազատ։ Հայաստանում, ցավոք, ոլորտը գտնվում է սաղմնային վիճակում»:

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930