Երեւանում բացվել է ֆրանսահայ մեծանուն նկարչի բացառիկ ցուցահանդեսը
Օրերս «Արամե» պատկերասրահում բացվել է ֆրանսահայ մեծանուն նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուի (Ժան Գառզու, նաեւ՝ Գառնիկ Զուլումյան) ցուցահանդեսը, որը դեռ շարունակվում է: Գառզուն հետեւել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կապույտ, կանաչ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները: Ըստ «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի, իրենց պատկերասրահի գլխավոր խնդիրն է ներկայացնել մեծանուն արվեստագետներին: «Հինգ ամիս առաջ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Ասեմ նաեւ, որ «Արամե» պատկերասրահն այլ հանրահայտ հեղինակների ցուցահանդեսներ էլ է կազմակերպել, այդ թվում՝ Ժանսեմինը: Ինչ վերաբերում է Գառզուին, վաղուց Հայաստանում չէր եղել նրա ցուցահանդեսը, այն դեպքում, երբ Գառզուն մեր հպարտությունն է»,- նշում է պարոն Սարգսյանը:
«Արամե» պատկերասրահի մուտքը հիմնադրման օրվանից անվճար է եղել, անկախ նրանից, թե ում ցուցահանդեսն է: Հատուկ հրավիրված հյուրեր եղել են միայն բացումներին: Կոնկրետ Գառզուի ցուցահանդեսին ներկայացված են եղել արվեստագետի տարբեր շրջանի աշխատանքներ, ամենահին աշխատանքը թվագրված է 1948թ., իսկ ամենանորը՝ 1988թ.: Դա նշանակում է, որ ցուցադրությունն ընդգրկել է շուրջ 40-ամյա ժամանակաշրջան եւ կարողացել է որոշակի գաղափար տալ Գառզուի ստեղծագործական տարբեր փուլերի եւ այդ փուլերի յուրահատկությունների մասին: Մենք ներկայացրել ենք 20 յուղաներկ աշխատանք կտավի վրա, 3 գրաֆիկական աշխատանք եւ լիտոգրաֆիա: Ընդհանուր առմամբ՝ 45 աշխատանք»,- հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ի սկզբանե ցուցահանդեսը նախատեսված է եղել մինչեւ նոյեմբերի 25-ը, սակայն մարդկանց հոսքը նկատի առնելով, այն մի քանի օրով էլ կերկարացվի: Արամ Սարգսյանի խոսքերով. «Գառզուի տարբեր շրջանների աշխատանքներ ենք ներգրավել, որպեսզի ամբողջական արդյունք ստանանք: Նրա բոլոր շրջաններն են առանձնահատուկ, բայց Գառզուն ճանաչելի է դարձել հատկապես իր կարմիր շրջանով: Նա գույնի տարբեր շրջաններ ունի, սակայն երբեք չի նստել եւ մտածել, թե այդ օրն ինչ գույնով պետք է աշխատի, դրանք ինքնաբերաբար են եկել ստեղծագործելու ընթացքում եւ կախված են եղել տվյալ պահի տրամադրությունից: Իմիջիայլոց, Գառզուն միշտ մեծ նվաճումներ է ունեցել, սակայն երբեք չի մոռացել իր հայ լինելու մասին: Նա հատուկ ընդգծել է, որ իբրեւ նկարիչ պատկանում է ֆրանսիական արվեստին, սակայն իր բոլոր գործերում անշուշտ հայ է մնում»:
Արամ Սարգսյանը կարծում է, որ Գառզուի աշխատանքներում չկա տխրություն, ի տարբերություն Ժանսեմի: Գառզուն մասնագիտությամբ ճարտարապետ է եղել, սակայն երբեք չի աշխատել որպես ճարտարապետ ու ամբողջովին նվիրվել է կերպարվեստին, բայց նրա ճարտարապետական կրթությունը յուրատեսակ հետք է թողել իր ստեղծագործությունների վրա:
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014