Դեռ տարիներ առաջ Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ տարբեր ազգությունների մարդիկ համախմբվեցին ու երաժշտության լեզվով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. նրանց մեջ կային նաեւ թուրքեր: Մեծ եղեռնի` արդեն 100-րդ տարելիցին ընդառաջ, Արա Գեւորգյանը` սփյուռքի նախարարության եւ «New Arena» ընկերության հետ, նոր` «Սեւ ապրիլ» անվամբ նախագիծ է սկսում:
Այս անգամ էլ սփյուռքի շուրջ 15 երկրի մոտ 500 հոգանոց երգչախումբը կկատարի Գեւորգյանի նոր` Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Կանք ու կլինենք» երգը, որն ունի նաեւ անգլերեն` Remember տարբերակը: Հայերեն խոսքերի հեղինակը Լեւոն Բլբուլյանն է, անգլերենինը` Դանիել Դեքերը:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր Արա Գեւորգյանը նշեց, որ օրերս հանդիպելու է սփյուռքի նախարարի հետ, որպեսզի քննարկեն երգչախմբերին ուղարկվող հանձնարարականները: Նախատեսվում է նաեւ տեսահոլովակ նկարել: «Մենք ամեն կերպ փորձելու ենք ճնշել թուրքական հասարակությանը` ֆլեշ մոբերի, թռուցիկների տեսքով, օրինակ, երբ օտարազգի մեկը քարտը մտցնի բանկոմատ, գումարի հետ նաեւ փոքրիկ թռուցիկ կստանա, որտեղ Եղեռնի վերաբերյալ որեւէ տեղեկություն կլինի»,- նշեց Արա Գեւորգյանը, հավելելով, որ արդեն բացվել է «Սեւ ապրիլ» նախագծի ֆեյսբուքյան էջը:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականության մասին, Արա Գեւորգյանը նշեց, որ նեղ մասնագիտական քննարկումները մնում են Ազգային ժողովների, տարբեր մասնագիտական շրջանակների «փակ» դռների հետեւում, իսկ մշակույթի լեզուն ավելի ընդգրկուն է. «Երաժշտության լեզվով խոսելը հասանելի կլինի բոլոր խավերին, եւ ի վերջո՝ մեր նպատակն այն է, որ աշխարհի բոլոր անկյուններում թուրքն իրեն ճնշված զգա, ու ամբողջ աշխարհում նրան նայեն որպես ոճրագործի»:
ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014