Այսօր մոտ 19.00 մոտակայքում արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրու բանուկ Շչերբինա փողոցում: «BMW» մակնիշի ավտոմեքենան այնպես է բախվել փողոցի մոտակայքում գտնվող հենասյունին, որ այդ հատվածի բնակիչներին մի պահ թվացել է, թե երկրաշարժ է տեղի ունենում: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել, սակայն բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում պնդում են, որ այստեղ հաճախակի են վթարներ տեղի ունենում:
Բանն այն է, որ Շչերբինան Գյումրու այն եզակի փողոցներից է, որն ասֆալտ ունի: Այն մի քանի տարի առաջ ասֆալտապատվեց «Շչերբինա» հիմնադրամի միջոցներով ու Ռեպինի փողոցից վերանվանվեց Շչերբինա փողոցի: Ավելին, Շչերբինայի կիսանդրին կագնեցվեց այդ նույն փողոցի վրա գտնվող երաժշտական դպրոցի բակում: Փողոցը, սակայն,ըստ բնակիչների, բացարձակապես զուրկ է կահավորանքից, չկա որևէ արգելապատնեշ, թեկուզև «պառկած միլիցա», ազդաշնաններ, որն էլ վտանգավոր է դարձնում մարդկանց կյանքն այս հատվածում: Իսկ փողոցի վրա կա մանկապարտեզ, դպրոց, երաժշտական դպրոց, մարզադպրոցներ, որտեղ սովորող երեխաները հաճախ են ականատես են լինում ավտովթարների:
Կարդացեք նաև
Բնակիչների բողոքելով, Ջրմուղը այս փողոցում ջրագծերը փոխելու նպատակով սկսել է փոսեր փորել ու փակելով փողոցի՝ դեպի Շառլ Ազնավուր տանող հատվածը, ծառի ճյուղերով ու ցանցով արգելապատնեշ է սարքել: Այսօրվա BMW-ի վարորդն էլ, ամենայն հավանականությամբ արագ վարելով ու մթության մեջ չնկատելով Ջրմուղի սարքած յուրատեսակ արեգլապատնեշը, բախվել է հենասյունին: Երբ այս դեպքից հետո փողոց են այցելել ճանապարհային ոստիկանները, ու բնակիչները նրանց հորդորել են գոնե մի արգելապատնեշ տեղադրել իրենց փողոցում, ոստիկանները պատասխանել են. «Էդ արդեն քաղաքապետ Բալասանյանի գործն է» :
Ստացվում է, որ Գյումրու քաղաքապետի ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այս նպատակով ստեղծած հանձնախմբի ուղիղ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումը ձևական բնույթ էր կրում: Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու անդամները ուղերձ էին հղել ՀՀ ոստիկանապետին, Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի ու կապի նախարարներին՝ խնդրելով մշակել ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ: Նրանք նաև խնդրել էին փողոցների կահավորումը հանձնել ճանապարհային ոստիկանությանը, քանի որ դրա համար անհրաժեշտ է մոտ 500 մլն. դրամ, իսկ տարեկան սպասարկման և շահագործման համար ՝ 50-60 մլն.դրամ, ինչը քաղաքի բյուջեի միջոցներով իրականացնելը իրատեսական չէ:
Սակայն այսօր, ինչպես հավաստում էին Գյումրու Շչերբինայի փողոցի բնակիչները, ՀՀ ոստիկանապետը ի ցույց դրեց իր դիրքորոշումը՝ ասֆալտապատած փողոցի կահավորումը թողնելով աղքատիկ քաղաքապետարանի հայեցողությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ