Արթիկ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Սիմավոն Գրիգորյանը հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, 2014թ. մարտին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Եղիա Տեր-Հակոբյանի կողմից որպես օրապահ կողապահարանի մոտ պատշաճ կարգով պարտականությունները չկատարելու կապակցությամբ վիրավորական արտահայտություններ անելով՝ ձեռքով հարվածել է Ե. Տեր-Հակոբյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, շարքային Ե. Տեր-Հակոբյանի կողմից պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ Սիմավոն Գրիգորյանին դիմելուց հետո, վերջինս Ե. Տեր-Հակոբյանին խոստացել է նշված հարցով միջնորդել զորամասի հրամանատարության առջեւ, սակայն 2014թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, պատեհ առիթն օգտագործելով, պարբերաբար հայհոյանքներ է տվել շարքային Ե. Տեր-Հակոբյանի հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով եւ 360 հոդվածի 1-ին մասով: Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Գրիգորյանը ընդունել է իր մեղքը, դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Նոյեմբերի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Սիմավոն Գրիգորյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ նրան դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկուկես տարի ժամկետով, դրամական բավարարման գումարի 15 տոկոսի պահումով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
56 բառ մեկ նախադասւթիւն!!!!!!!!!!!!!!!! դեմքի շրջանին ? հավանաբար դեմքին՞
«…պատեհ առիթն օգտագործելով, պարբերաբար հայհոյանքներ է տվել», նշանակում ա` տեղին է հայհոյել