Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և Ադրբեջանի միջև

Նոյեմբեր 21,2014 21:15

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց. Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան. Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է:

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր չորս բանաձևերի առաջնային և անվերապահ պահանջն էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել:

Հարկ է վերստին հիշեցնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկը Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ: Հայաստանին միայն կոչ է արվում «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա, և Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել:

Ադրբեջանը մերժել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջի կատարումը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ կապերի վերականգնման վերաբերյալ։

Ավելին, Անվտանգության խորհրդի բանաձևերը կոչ էին անում ձեռնպահ մնալ հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործողություններից և ջանքեր ներդնել` Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ: Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Լրիվ հակառակը. յուրաքանչյուր բանաձևից հետո ծավալեց նոր լայնածավալ ռազմական գործողություններ։

Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նույնը անում է այսօր։

Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ բազմիցս ոտնահարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջը` միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների խախտումից զերծ մնալու վերաբերյալ, ինչին ականատես ենք նաև այսօր՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով:

Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, այլև` 1994թ. հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ։

Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը և Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրավորված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել։

Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և այդ երկրի միջև:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930