Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ից «քաշված» գործարարները Ճշմարիտյանի մոտ սրտերը բացեցին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2014 20:55

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում ոսկեգործության, ադամանդագործության ոլորտների ներկայացուցիչները նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ կազմակերպված քննարկման ժամանակ մաքսային եւ հարկային մարմիններից դժգոհություններ ներկայացրեցին, ուշագրավն այն էր, որ նախարարի համար, կարծես թե, «անակնկալ էր», որ ՊԵԿ-ի թե’ վարչարարությունը եւ թե’ արհեստական այլ խոչընդոտները վնասում են ոլորտի զարգացմանը:

«Արեւակն» ադամանդագործությամբ  զբաղվող ընկերության ներկայացուցիչ Վարդան Անդրեասյանն, օրինակ պատմեց, որ հումքը ներկրում են, վերամշակում, ապա արտահանում. տարիներ առաջ էլ ընկերությունը սարքավորումներ է ներկրել, որի դեպքում ավելացված արժեքի հարկի հետվերադարձ պիտի լիներ կառավարությունից: Մինչդեռ, ինչպես պարոն Անդրեասյանն ասաց, մինչ օրս ՊԵԿ-ը ոչ մի կոպեկ չի վերադարձրել.

«Արեւակն» նույնիսկ գործը դատարանում է շահել:

«Դատարանը ՊԵկ-ի գրած ակտերը չեղյալ է համարել, բայց ոչ մի հետեւանք չեղավ»,-ասաց պարոն Անդրեասյանը: Իսկ նախարար Ճշմարիտյանն էլ հետաքրքրվեց «ի՞նչ հետեւանք»: «Պետք է գային ստուգման, այսինքն` վերստուգում էր նշանակվել, 3 տարի է պրոցես է: 20 միլիոնի մասին է խոսքը»:

Նախարարն անկեղծ զարմացած հարցրեց` բայց հարկադիրը (դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ԴԱՀԿ) պարտավոր էր բռնագանձել, ինչին ի պատասխան պարոն Անդրեասյանն ասաց` պարտավոր էր, բայց` ՊԵԿ-ն է:

Ճշմարիտյանը քննարկմանը ներկաներին դիմելով հարցրեց` բոլորի՞ մոտ է այս խնդիրը, մի երկուսը տեղից հազիվ լսելի ասացին` այո, իսկ պարոն Անդրեասյանն էլ ավելացրեց` «Ոչ բոլորն էլ ՊԵԿ-ին դատի տալիս»: Անդրեասյանի այս խոսքերը Ճշմարիտյանը կամ չլսեց, կամ` չլսելու տվեց: 2-րդ անգամ էլ Անդրեասյանը ավելի բարձր հնչեցրեց, բայց էլի չլսվեց:

Մանրամասները` տեսանյութում

«Շողակն» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանն էլ ասաց, որ հարկայինի միջին օղակի աշխատող կարող է մտնել հիմնարկություն եւ անհիմն ակտ գրել, ու լուրջ վնասներ հասցնել ընկերությանը, արդյունքում ներդրողներն ուղղակի հիասթափվում են: «Գալիս են մի հատ թուղթ են գրում անհիմն, դե գնա դատարանում պարզի, 6 հատ դատ տարանք, ո՞վ պատասխան տվեց, հարկայինը պատասխան տվե՞ց, ներդրողն էլ ասում է` ցտեսություն»:

Ճշմարիտյանը խոստացավ, որ որեւէ տնտեսվարող չպիտի տուժի նմանատիպ խնդիրներից, եւ հանձնարարեց զբաղվել, վստահեցնելով, որ կազմակերպչական խնդիրներ են ու հեշտ լուծվող:

Տնտեսվարողները նաեւ դժգոհություն ներկայացրեցին նաեւ մաքսային բրոկերների ինստիտուտից, նշելով, որ ծառայությունների արժեքը բարձր է, եւ ըստ էության նույնիսկ`անտեղի ինստիտուտ է: «Օրենսդրական ինչ փոփոխություն եղել է, ի վնաս արտադրողների է եղել, օրինակ` բրոկերի վրա 2.5 միլիոն ենք ծախսել, ինչո՞ւ»,-դժգոհեց պարոն Անդրեասյանը: Ընդ որում, բրոկերներից դժգոհ էին բոլոր տնտեսվարողները:

Մանրամասները` տեսանյութում

Ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչները ռուսական ադամանդի հումքից էլ դժգոհություն ներկայացրեցին, ինչին ի պատասխան պարոն Ճշմարիտյանն ասաց, որ եվրոպացի գործարարները գոհ են: Հայ տնտեսվարողներն էլ բացատրեցին, որ ռուսները լավ հումքը վաճառում են խոշոր բրենդային ընկերություններին, իսկ ցածր որակի քարերը` հայկական ընկերություններին. այս դեպքում մերոնք մտածում են` արժե՞ անգամ էժան գնով ձեռք բերել այդ հումքը. իրականում չարժե, ասացին գործարարները, որովհետեւ ձեռնտու չէ եւ հարմար էլ չէ վերամշակման համար:

Ընդհանրապես քննարկումից այնպիսի տպավորություն էր, որ ինչ խնդիրներ  կան, առաջացել են 2008 թվականից հետո, եւ տպավորությունն այնպիսին էր, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակները երանությամբ էին հիշում:

Ապա խնդիր բարձրացվեց որակյալ աշխատողների մասով, տնտեսվարողները նկատեցին, որ շատերը գերադասում են տաքսի վարել, քան այդ ոլորտում աշխատել: Նախարարն առաջարկեց բարձր աշխատավարձ տալ, տնտեսվարողներն էլ վստահեցրին`միջոցներ չունեն:

Ապա Ճշմարիտյանը խորհուրդներ տվեց գործարարներին, թե ինչ պետք է անեն աշխատուժ ներգրավելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Քննարկմանը մասնակցողներից մեկն էլ ասաց, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում ոլորտում. այսինքն` գոտում օտարերկրյա ներդրողներն ազատվում են հարկերից, գոտուց դուրս հսկայական ընկերությունները մի քանի տեսակի հարկեր են վճարում, արդյունքում միեւնույն երկիրն արտահանող հայկական եւ ազատ գոտում աշխատող ընկերությունների արտադրանքների գները խիստ տարբեր են լինում:

Այս առնչությամբ էլ «Մերիդիանի» տնօրեն Նիկա Մանուկովան բացատրեց, որ նման բան չի կարող լինել`քանի որ, նույն ապրանքները չեն արտադրում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930