Այսօր Վարչական դատարանը որոշեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել 50.000 դրամի չափով: Դատարանը բավարարեց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության հայցը ընդդեմ Կիվիրյանի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շինության դեմ հարակից շենքի բնակիչների բողոքին էր միացել նաեւ Արգիշտի Կիվիրյանը: Նա եւ մյուս քաղաքացիները փակել էին փողոցը, ոստիկանները Կիվիրյանին բերման էին ենթարկել, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով:
«Ակնհայտ էր, որ դատարանն ամեն ինչ իրականացնելու էր, որ կատարի ոստիկանության պատվերը, որովհետեւ, եթե վարչական դատարանում ոստիկանության ներկայացրած հայցը մերժվեր, բավականին խոցելի կդարձներ հարուցված քրեական գործը: Այդ պատճառով բոլոր ուժերը մոբիլիզացրել էին, որ այստեղ հաղթեն: Բայց սա հաղթանակ չէ, որովհետեւ իրավական առումով ոստիկանության հայցը պետք է մերժվեր եւ բավարարվեր իմ կողմից ներկայացված հայցը: Դատարանը նման վճիռ կայացնելով ցույց տվեց , որ ինքը ոստիկանության, իշխանությունների կամակատար է»,- դատական նիստից հետո ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ նա էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել ոստիկանության դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Կարդացեք նաև
«Դատարանը այս վճռով ստվեր գցեց Հայաստանում արդարադատության վրա՝ ապօրինի վճիռ կայացնելով, իրեն դրեց զավեշտալի վիճակում»,- շարունակեց Կիվիրյանը:
Նրա համոզմամբ, քաղաքացիական ակտիվիստների դեմ վարչական գործերով դատարանների որոշումները կախված են Բաղրամյան 26-ում կայացվող որոշումներից . « Մի շարք գործերով փորձում են արդարադատության պատրանք ստեղծել, այդ է պատճառը, որ որոշակի գործերով կայացվեցին հօգուտ ակտիվ քաղաքացիների վճիռներ, իսկ ընդհանուր առմամբ, նույնանման գործերով հիմնականում դատարանը կայացնում է մի վճիռ, որոշ ժամանակ անց՝ ուրիշ վճիռ: Այսինքն, միջազգային կառույցներից գրանտներ ստացած դատարանները այդ միջազգային կառույցների մոտ արդարադատության պատրանք ստեղծելու նպատակ ունեն»:
Արգիշտի Կիվիրյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ