Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի դիմաց գտնվող Շիրազի փողոցի 30 շենքը, որը ճարտարապետական մեծ արժեք ունի, «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում է և առավել հայտնի է որպես ռեստորանի շենք, 2006 թվականին Գյումրու քաղաքապետարանի կողմից վաճառվել է: Սակայն, 50 տարի շարունակ այս շենքում բնակվող Թորոյանների ընտանիքը, որն այժմ բաղկացած է 8 անձից, ունեն նաև երկու անչափահաս երեխաներ, այս մասին տեղյակ չեն եղել: Պատահական իմանալով, որ շենքը սեփականատեր ունի, վերջիններս մոլորվել են, թե որտեղ պիտի ապրեն:
Նշենք, որ շենքը 4-րդ աստիճանի վթարային է, և Թորոյանների ընտանիքը միակն է, որը բնակվում է այս կառույցում: Ըստ Թորոյանների, հարևանները ժամանակին բնակարաններ են ստացել ու հեռացել են: Իրենց ևս երկրաշարժից առաջ բնակարան առաջարկվել է, սակայն չեն ցանկացել տեղափոխվել քաղաքի ծայրամաս ու այդպես մնացել են այստեղ:
Aravot.am-ին ներկայացրած բողոքում Վիլսոն Թորոյանն ու նրա որդին՝ Սերգո Թորոյանն ասացին. «Մենք բնակարանը ստացել ենք 1964 թվականին, Գորկու 30 հասցեում, վերջերս այն վերանվանվեց Հովհաննես Շիրազի անվան փողոց, բնակարան 15-ում: Առանց մեզ տեղեկացնելու շենքը 2006 թվականին վաճառել են: Անցել է 3 տարի, նոր իմացել ենք, որ այս շենքը վաճառվել է: Ընդ որում` աճուրդ- վաճառք չի էլ եղել: Գյումրու քաղաքապետարանից պնդում էին, որ աճուրդ է տեղի ունեցել, սակայն երբ դատի տվեցինք քաղաքապետարանին, նրանք չկարողացան դատարան ներկայացնել աճուրդի մասին իրենց կողմից տրված հայտարարությունները: 1,5 տարի տևած դատավարության ժամանակ ապացույց չկարողացան բերել աճուրդ-վաճառքի մասին, անունով աճուրդ եղել է, բայց իրականում չի եղել: Շենքի սեփականատերն էլ Երևանի բնակիչ Սվետլանա Վերդոյանն է, բայց մենք իրեն տեսած չկանք, թեև գիտենք, որ իրականում Արտաշես Ջանոյանն է,: Հիմա շենքի սեփականատերը քանի դեռ շինարարություն չի սկսել, մենք ապրում ենք այստեղ, բայց եթե սկսեն շինարարություն, ո՞ւր ենք գնալու: Գնացել ենք նոր քաղաքապետի մոտ՝ Սամվել Բալասանյանի, վերջինս ասաց, որ ինքը գործ չունի այդ հարցերի հետ և խորհուրդ տվեց դատարան դիմել: Մենք էլ դիմեցինք ՀՀ վարչական դատարան. մեր պահանջը մեր իսկ բնակարանի օգտագործման իրավունքը ճանաչելու, չբավարարվեց, թեև մեզ 1,5 տարի չլեցին, տարան ու բերեցին: Մենք էլ այս պահին վերաքննիչ բողոք ենք ներկայացրել:
Կարդացեք նաև
Մենք նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջարկեցինք մեզ գոնե անօթևանների հերթացուցակում գրանցել, սակայն նա ասաց, եթե ձեզ մոտենան հանելու, ականջներից կբռնեք, դուրս կանեք, փաստորեն հերթացուցակում էլ չգրանցեցին: 1,5 տարի առաջ գնացինք Գյումրու ոստիկանության անձնագրային բաժին, որպեսզի տեղեկանք վերցնենք, որ բնակվում ենք այս հասցեում, այստեղից մեզ ասացին, որ դուրս են գրել մեզ այս հասցեից, բայց մեր անձնագրերում հենց այս հասցեն է նշված: Հիմա ստացվում է՝ մենք անհասցե մարդիկ ենք, բայց աղբի վարձի, ջրի վարձ, լույսի վարձ մուծում ենք հենց այս հասցեի տակ: Հիմա ստացվում է, որ մենք մեջը, շենքը վաճառել են»:
Բնակիչները նաև ասում են, որ շենքը վթարային է, անպետք է բնակության համար, նույնիսկ իրենց համար այդքան էլ կարևոր չէ, թե ով է գնել, միայն թե մեծ խնդիր է դառնում իրենց բնակության հարցը: Անօրինական ձևով 50 տարվա բնակարանից տեղահանելով՝ անհայտ է մնում՝ որտեղ պետք է ապրեն, երբ անօթևանների հերթացուցակում անգամ գրանցված չեն: Բնակիչները օրդեր ունեն, սակայն բնակարանը սեփականաշնորհված չէ, քանի որ, ըստ նրանց, այն վթարային է եղել և այդ պատճառով չեն սեփականաշնորհել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այս էլ որերորդ դեպքն է Գյումրիում…Թվում է, թե պալաչներ են դրության տերերը…
Այս շենքը նույնպես 2006 թվականին Գյումրու նախկին քաղաքապետի կողմից է վաճառվել …ամբողջ քաղաքի հետ միասին: