Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակը զրկվեց մանդատից՝ Բաթումիի սկանդալը կազմակերպելու համար

Նոյեմբեր 21,2014 16:19

«Կարևոր է, որ գոնե այս իրավիճակում Ադրբեջանի պատվիրակությունը հանդես գա կոնկրետ հերքումով, որ իրենք չեն կիսում այդ թերթի մոտեցումներն ու գնահատականները և համաձայն չեն, որ թերթում հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում Բաթումիում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովին այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը (հայկական պատվիրակությունն արդեն ընտրել է նոր համակարգողի՝ Միքայել Հովհաննիսյանին, ինչը շուտով կհայտարարվի համաժողովի ընթացքում):

Հիշեցնենք, որ համաժողովի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության անդամներից Սելիմ Բաբաևը սկանդալ սարքեց, որից հետո ադրբեջանական մամուլում հրապարակում եղավ, որը ապատեղեկատվություն էր պարունակում:

Այսօր այս առիթով հանդես եկավ ֆորումի ղեկավար կոմիտեն: Հայտարարության համաձայն՝ Սելիմ Բաբաևը հեռացվում է ֆորումի աշխատանքներից ու զրկվում մանդատից, այսինքն՝ նա այլևս չի կարող որոշումների ընդունման մասնակցել, ոչ էլ տարվա ընթացքում հրավիրվել ֆորումի որևէ աշխատանքի:

Պարոն Նավասարդյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական պատվիրակության կողմից հերքում մինչ այժմ չի եղել, և «դա կարող ենք մեկնաբանել՝ որպես նույնական մոտեցում և պատվիրակության, և հոդվածագրի տեսանկյունից»:

Բորիս Նավասարդյանը տեղին համարեց ղեկավար մարմնի հայտարարությունը և նշեց. «Ղեկավար կոմիտեն պետք է կարողանար պաշտպանել ֆորումի հեղինակությունը, քանի որ այդ հրապարակումը պարունակում էր ապատեղեկատվություն ֆորումի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե իբր Վրաստանի նախագահը չի մասնակցել ֆորումին այդ ցուցահանդեսի պատճառով և այն, որ այդ ցուցահանդեսը համաձայնեցված չէր նախապես»:

Այս առիթով պարոն Նավասարդյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Լավ էլ նախատեսված էր, դա ի սկզբանե ֆորումի օրակարգի մաս էր: Ցուցահանդեսը կազմակերպել է չեխական «People in need» կազմակերպությունը, և այն տեղեկությունները, թե իբր այդ կազմակերպությունը պրոհայկական է, որևէ հիմք չուներ ոչ հոդվածագրի կողմից նյութում ներառելու, ոչ էլ նույնիսկ Չեխիայում Ադրբեջանի դեսպանի հայտարարության: Տարածաշրջանում երևի այդ կազմակերպությունն ամենաքիչը ՀՀ-ում է աշխատում»:

Բորիս Նավասարդյանը նաև շեշտեց այն հանգամանքը, որ նման ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցը հրավիրված էր հատուկ ֆորումը լուսաբանելու համար, և այդ ԶԼՄ-ի առաջարկությունն արել էր Ադրբեջանի ազգային համակարգողը: Ուստի ըստ Բորիս Նավասարդյանի՝ «Այնպես որ, ցանկացած բան, որ գրված է այդ թերթում, որոշ չափով դրա համար պատասխանատվություն է կրում նաև երաշխավորող անձը: Այդ առումով որոշ կարծիքներ, թե թերթի հրապարակումը կապ չունի Ադրբեջանի պատվիրակության մոտեցումների հետ, համոզիչ չեն»: Բազմաթիվ անհիմն մեղադրանքների և փաստերի խեղաթյուրման շարքում ադրբեջանական մամուլի վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացվում է նաև, թե իբր այդ ամենի հետևում կանգնած է Բորիս Նավասարդյանը: Սա Բորիս Նավասարդյանը Ադրբեջանի ավանդական ոճը համարեց ու նշեց. «Եթե որևէ տեղից Ադրբեջանի նկատմամբ հնչում է քննադատություն, իսկ դա հնչում է տարբեր միջազգային ատյաններից, ու քանի որ ադրբեջանական կողմը չի ընդունում այդ քննադատությունը և բավականին ագրեսիվ հակահայտարարություններ է անում, իրենք ինչ-որ բացատրություն պետք է գտնեն, թե ինչու: Ամենահեշտ ու կարճ բացատրությունը, որին իրենք էլ չեն հավատում, այն է, որ այդ ամենը կազմակերպել են հայերը: Ցուցահանդեսը ֆորումում է տեղի ունենում, ազգային համակարգողը Բորիս Նավասարդյանն էր, ուրեմն այդ ամենը կազմակերպել էր նա: Եթե ԵԽ-ն է քննադատում, ուրեմն հայերն են, ԵԱՀԿ-ն է քննադատում, ուրեմն հայերն են լոբբինգ արել, ԱՄՆ կառավարությունն է, ուրեմն հայերն են հետևում կանգնած: Ցավոք, դա տարածվել է նաև ֆորումի վրա»:

Բորիս Նավասարդյանը կանգ առավ նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա: Հոդվածում, բացի մնացած ստերից, գրված է, որ ադրբեջանական պատվիրակությունը բոյկոտել է ֆորումը: Այդ դեպքում այն իրավունք չուներ մասնակցելու ֆորումով նախատեսված բոլոր ընթացակարգերին՝ քվեարկել ղեկավար կոմիտեի անդամների համար: Բայց քանի որ քվեարկել են, պիտի հայտարարեն, որ հոդվածի այդ տեղեկությունը ապատեղեկատվություն է, հակառակ դեպքում ամբողջ այդ ընթացքում, որտեղ կար քվեարկելու ընթացակարգ, իրենք կասկածի տակ են դնում, և բոլոր գործընթացների լեգիտիմությունը դնում են կասկածի տակ: Ադրբեջանական կողմը հաստատապես հրապարակայնորեն պիտի հայտարարի, որ իրենք չեն բոյկոտել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930