Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը: Չորս տուժողները եւ նրանց երկու իրավահաջորդները դարձյալ չէին մասնակցում նիստին. դատարանում էին նրանց երկու ներկայացուցիչները՝ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը: Վարդան Պետրոսյանն էլ իր երկու փաստաբաններով էր պաշտպանվում. Նիկոլայ Բաղդասարյան եւ Սամվել Ջաղինյան:
Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված նոյեմբերի 19-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած որոշման հետ, որը վերաբերում էր պաշտպանական կողմի միջնորդությանը դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու հետ: Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց, որ նախաքննական մարմինը միտումնավոր «չի գծել մի քանի հետք» եւ չի էլ պատկերացրել, որ ներկա տեխնոլոգիական դարում լուսանկարում պատկերվածը հնարավոր էր տեղափոխել գծագրի վրա: Նա ասաց, որ ապօրինի է դատարանի կայացրած որոշումը, իր միջնորդության եւ Բալոյանի առարկությունները տարբեր են:
Սամվել Ջաղինյանն ասաց, որ տարօրինակ իրավիճակի ականատես են իրենք, քանի որ մի դեպքում դատարանը իր որոշման մեջ մեջբերումներ է անում վկայից, մինչդեռ նույն վկայի հետ կապված իրենց միջնորդությունը չի գնահատում:
Կարդացեք նաև
Ըստ Ս. Ջաղինյանի, արդարադատությունը պետք է լինի կանխատեսելի: Նա նշեց, որ դատարանը ուշադրություն չի դարձրել քննչական գործողություններին մասնակից դարձած ընթերակա Գրիշա Գասպարյանի ցուցմունքին, մասնավորապես այն հանգամանքին, որ դատարանում Գրիշա Գասպարյանը հայտնեց, թե իր հասցեն Չարենցի 155 չէ, այլ փոխվել է, դարձել Թարգմանչաց: Պաշտպանը նկատեց, որ մենք գործ ունենք «հերթապահ ընթերակայի» հետ, որ անհրաժեշտության դեպքում օպերների կողմից հրավիրվում է, «օգտագործվում»: Նա դատարանին մեղադրեց, որ իր որոշմամբ կասկածի տակ է դրել արտասահմանի մասնագետի կարծիքը եւ չի նկատել ստորագրությունների նմանակումը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն Վարդան Պետրոսյանի սթափության հետ կապված բժշկական փաստաթղթերով: Ըստ նրա, Պետրոսյանի խմած լինելու մասին բժշկական փաստաթղթերում կատարվել են տեսանելի փոփոխություններ, ջնջումներ, ավելացումներ: Ի դեպ, նա ֆրանսիացի փորձագետի կողմից ընթերակաների ստորագրություններին վերաբերող մասնագիտական կարծիքը համարեց կեղծ կարծիք եւ ասաց, որ ֆրանսիացի փորձագետին պետք է պատասխանատվության ենթարկել:
Մեղադրող Արթուր Սարգսյանը գտավ, որ տուժող կողմը եթե ունի չփարատված կասկածներ, ապա նա պետք է դիմի համապատասխան մարմնին, ենթադրյալ հանցագործության մասին՝ առանձին վարույթով քննելու համար: «Ընդունենք՝ պարզվեց, որ Պետրոսյանը ինչ-որ մի աստիճանի խմած է, ինչ է տալու: Ունենալու ենք չփարատված կասկած, հանցագործություններ կատարած անձինք, որ այդ գործի հետ կապ չունի»,- ասաց նա՝ ակնհայտ դեմ դուրս գալով տուժող կողմի մարտավարությանը:
Վարդան Պետրոսյանը դատախազի օբյեկտիվ աշխատաոճը նկատելով, ասաց, որ նույնիսկ իր դեմ արված միջնորդությունների ժամանակ էլ նա դատախազի մեջ տեսնում է օբյեկտիվ աշխատող մարդու:
Նա պատահական չհամարեց միջնորդության հրապարակումը ժամանակի իմաստով եւ ասաց, որ սպասում էր: Նա հիշեց տուժող կողմի ներկայացուցչի 1 ժամ 15 րոպեանոց «Ս մեծատառ, ս փոքրատառի» վերաբերյալ (ս- սթափությունը նկատի ունի) քննարկումները եւ ասաց, որ մենք կանգնած ենք նույն փակուղու առաջ:
«Ես նստած եմ լուռ, անխոնջ, ես կսպասեմ, մինչ դատարանը կտա իր գնահատականը: Թողնում եմ միջնորդությունը դատարանի հայեցողությանը»,- ասաց նա:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը խորհրդակցական սենյակ է մտել տուժող կողմի միջնորդության հետ կապված որոշում կայացնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ