Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեկտեմբերի 10-ի երթին եռյակի լիդերները կլինեն». Լյուդմիլա Սարգսյան. (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2014 15:38

Այսօր «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով քառյակի առաջարկած 12 կետերին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այդ կետերի իրականացումը շատ կարեւորվում էր ժողովրդի կողմից, նրանք պահանջում էին կառավարությունից. «Կառավարությունն այդ խնդիրը չլուծեց, եւ այստեղ բանակցելու ոչինչ չկար՝ կամ կատարում եք, կամ չեք կատարում: Տվյալ դեպքում ոչինչ չեք կատարել: Ինչի՞ շուրջ բանակցենք, մեկ-երկու կետերի շո՞ւրջ, որ հնարավոր է կառավարությունը փորձի ցույց տալ, որ կատարում է, համագործակցում է ընդդիմության հետ: Բայց նպատակը հստակ է, փորձում են ներքաշել մի պրոցեսի մեջ, որը մեզ համար ցանկալի չէ: Փորձում են անիմաստ բանակցությունների մեջ ներքաշել եւ մարել շարժումը: Թող կատարեն կետերը, ո՞վ է խանգարում»:

Հարցին՝ իշխանությունը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է կատարելու 1-2 կետ թեկուզ՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Այստեղ իշխանությունը կամ ամբողջական կարող է կատարել՝ երկրում վիճակ փոխելու համար, կամ մեկ-երկու խնդրով ոչ մի հարց չի լուծվում: Այնտեղ շատ կարեւոր մի կետ կա՝ Ընտրական օրենսգիրքը, որը կարծես թե իշխանությունը հակված չի փոխելու, որովհետեւ եթե փոխեց, իշխանությունը պահելու խնդիր է ունենալու: Համամասնական ընտրակարգի պահպանման դեպքում ՀՀԿ-ն չի կարող վերահսկել ընտրությունների ընթացքը այնպես, ինչպես մեծամասնականի դեպքում: Բնականաբար, ընտրակեղծիքների հնարավորությունը փոքրանալու է: ՀՀԿ-ն չի կարողանալու մեծաքանակ ձայներ ապահովել եւ կկորցնի իշխանությունը: Բնական է, որ այդ քայլին չի գնալու: Մեզ ոչինչ չի մնում անել, քան իրավիճակն ավելի տաքացնելու, եւ ժողովրդի հետ միասին գնալու իշխանափոխության: Այլ տարբերակ ես չեմ տեսնում: Թե ինչ ճանապարհով կգնանք՝ եռյակը դեռ կհստակեցնի եւ կներկայացնի: Դեռ քննարկում են, համատեղված չի, կան տարբեր մոտեցումներ»:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իշխանությունը պետք է ընդունի, որ ինքը չի կարողանում կառավարել երկիրը, դատարկվում է Հայաստանը ակտիվությամբ, հուսահատ հատվածը, որ թողնում գնում է երկրից, այլեւս չի վերադառնալու, ումո՞վ ենք մենք պահելու սահմանը:

Aravot.am-ի հարցին՝ իշխանությունը, ենթադրենք, լավը չի, ընդդիմության ներսում խնդիրներ չկա՞ն, ամեն ինչ նորմա՞լ է, երբ հարթակում 5 հոգով 7 երգ են երգում՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ըստ էության, ուզում էիք ասել, որ ընդդիմությունն էլ մի բան չի: Ո՞ւմ ներսում խնդիրներ չկան, խնդիրները ընդամենը մարտավարական հարցերում են, որ ամեն մի քաղաքական ուժ շարժման շարունակության մասով իր մոտեցումներն ունի: Չի կարող խնդիրներ չլինել, որովհետեւ վերջիվերջո շատ տարբեր քաղաքական ուժեր են հարթակում կանգնած: Դա խոսում է այն ծայրահեղ վիճակի մասին, որ կա երկրում: Դրա համար են միավորվել այդ քաղաքական ուժերն այսօր, որովհետեւ ամենաազդեցիկն են, որովհետեւ միայն նրանք կարող են հակադրվել ՀՀԿ-ին»:

Լյուդմիլա Սարգսյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել իրենց ամբիցիաները եւ մտածել նախ երկրի փրկության մասին:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ հիմա մի որոշ ժամանակ հանրահավաքներ չեն լինի եւ ժողովուրդը արդեն կհիասթափվի եռյակից՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դուք նույնն ասում էիք 2011-ից հետո, 2009-ից հետո: Ժողովուրդն այլընտրանք չունի: Կյանքը, ապրելաձեւը, սոցիալական վիճակը նրան բերում են այնտեղ, նա ստիպված է պայքարել: Այն ուժերը, որոնք առաջնորդում են եռյակին, նրանց այլընտրանք այսօր չկա»:

Թե ի՞նչ է լինելու դեկտեմբերի 10-ին, ե՞րթ, թե՞ հանրահավաք՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով՝ երթ է լինելու, բայց հստակ ոչինչ ասել չի կարող: Նա ասաց, որ այդ երթին ինքն էլ է մասնակցելու, որովհետեւ դա չի կարող լինել 1 քաղաքական ուժի երթ:

Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ այդ երթը եռյակի որոշումն է եւ միայն ՀԱԿ-ինը չէ, հրավերով էլ չէ, ցանկացած քաղաքական ուժ կարող է մասնակցել:

Պատգամավորը նաեւ ասաց, որ երթին եռյակի լիդերները կլինեն, իսկ թե ինչ քաղաքական պահանջ կհնչի այդ օրը, դեռ հստակություն չկա:

Մեր հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովին Ազատության հրապարակում մասնակցելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Եթե հասկանամ նպատակն ու տրամաբանությունը՝ միանշանակ կմասնակցեմ, եւ եթե այդ նպատակները համընկնում են մեր նպատակներին: Կուսակցության ներսում դա պիտի որ համաձայնեցրած լինեին ամեն դեպքում, որ Ռուբիկ Հակոբյանը ասելիք ունենար եռյակում: Նա այդ մասին չի խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930