Կապանի տարածաշրջանի Շահումյանի հանքավայրի հարակից տարածքներում «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության կողմից իրականացվող մակերեսային երկրաբանական ուսումնասիրության շրջանակներում նախատեսված հորատման աշխատանքներն այս տարի չեն վերսկսի:
Այս մասին վերջերս լրագրողների ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը` տեղեկացնելով, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բավականին երկար ժամանակ ուշացրել է համապատասխան լիցենզիան եւ միայն վերջերս է տրամադրել, իսկ ձմռան շեմին նպատակահարմար չեն համարում հորատման աշխատանքներ իրականացնել:
«Մակերեսային հետախուզման համար, դժբախտաբար, էներգետիկայի նախարարությունը 7 ամիս այս կամ այն անհիմն պատճառներով ուշացրեց մեր լիցենզիան: Այն տրամադրեց միայն 3 շաբաթ առաջ, եւ մենք կորցրեցինք ամառվա սեզոնը, այդ ժամանակահատվածում կարող էինք հորատումներ անել, ահավասիկ, մեզ լիցենզիան նվիրեցին 3 շաբաթ առաջ, երբ մենք ձմեռվա շեմին ենք ու չենք կարող արդեն որեւէ հորատում անել այս սեզոնին», – ասաց «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ջաբրայանը:
«Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը տնօրենից հետաքրքրվեց, թե ամիսներ շարունակ առանց աշխատանքի մնացած հետախուզական աշխատանքների մեջ նախկինում ընդգրկված աշխատողները ե՞րբ են կրկին վերադառնալու իրենց աշխատանքին, պարոն Ջաբրայանը պատասխանեց, որ տվյալ բաժինն ամբողջովին վերականգնելու ծրագիր այսօր, թերեւս, չունեն:
Կարդացեք նաև
«Նախարարության մոտեցման պատճառով մոտ 40-50 աշխատավոր այս ամբողջ ընթացքում առանց աշխատանքի էր մնացել: Իրենք այս պահվածքով նման խոշոր ընկերության աշխատանքներին են խոչընդոտում: Այսօր հիմնարկի տնօրենը չպիտի հարյուր անգամ զանգի նախարարություն եւ պահանջի կամ աղաչի լիցենզիա տան: Եթե պիտի տաք` տվեք, եթե չպիտի տաք` մի տվեք, եթե չեք տալիս՝ հիմնավորեք ինչու չեք տալիս, որ իմանանք մեր քայլերը»,-ասաց ընկերության տնօրենը:
Ինչպես տեղեկացնում են «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ից` ընկերության հետախուզական բաժինը դադարեցրել է միայն հորատման աշխատանքները սույն թվականի մայիսի 16-ից: Աշխատանքից ազատվել է 21 հոգի:
Ներկա պահին, երկրաբանական ուսումնասիրության թույլտվության շրջանակներում` Կապանի հանքային դաշտը շրջապատող տարածքում կատարվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
Հրաչ Ջաբրայանի խոսքով` հորատման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն 2015թ.-ից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ