Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարդան Հարությունյանի կողմից նման գիրք հրատարակելը խիզախություն է»

Նոյեմբեր 21,2014 15:15

«Ես կուզեի, որ  իմ այս գիրքն ընթերցեն հատկապես երիտասարդները, որովհետև այստեղ երեկվա օրն է՝ ներկայացված ականատեսների աչքերով, որոնք տվյալ ժամանակի հոսանքին համընթաց չեն քայլել ու հոսանքից դուրս են լողացել: Այս իմաստով  գիրքը հետաքրքրական ու կարևոր է»,- այսօր «Թեքեյան կենտրոնում» ներկայացնելով իր՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքն, ասաց Վարդան Հարությունյանը:

Գրքում հիմնականում  նախկին քաղբանտարկյալների, այլախոհների քրեական գործերն են՝ անձնական կամ խմբակային: Յուրաքանչյուր քրեական գործ ներկայացնելիս հեղինակը նախ  կարճ տեղեկատվություն է տալիս  տվյալ քրեական գործում ներգրավված  մարդկանց, նրանց ծավալած ու քրեական գործի համար հիմք հանդիսացած  գործունեության մասին: Նման տեղեկատվություն գտնելը հեշտ չի եղել:

Հեղինակը գրքում գրում է. «Պարզ էր արդեն, որ  ՀՀ ԱԱԾ-ն, հավատարիմ մնալով  խորհրդային ՊԱԿ-ի  սկզբունքներին, փորձում էր արհեստականորեն  խոչընդոտներ հարուցել գրքի հրապարակման ճանապարհին: Մտածեցի, որ մերժման որևէ՝  թեկուզ կամայական  հիմք չեն ունենա, եթե  յուրաքանչյուր դատավճռի  համար դիմի հենց այն մարդը, ում  նկատմամբ կայացվել է դատավճիռը, իսկ այդ մարդու մահվան դեպքում՝ ժառանգը: Անտրամաբանական կլիներ, եթե  մերժեին դիմողին տրամադրել իր  կամ հարազատի նկատմամբ  կայացված դատավճիռները»:

Որոշ դատավճիռներ Վարդան Հարությունյանն այդպես էլ հայթայթել չկարողացավ,  սակայն վերոնշյալ  մտահաղացումը ծառայեց իր նպատակին, ու ընկերների օգնությամբ  ստեղծվեց գիրքը:

Aylaxohutyun

Գրքում նաև իրենց հիշողություններով են կիսվել  Վարդան Հարությունյանի նախկին քաղբանտարկյալ ընկերները, որոնք այսօրվա  շնորհանդեսին նույնպես ներկա էին:

«Փաստագրական ուղղվածությանը զուգահեռ գիրքը մարդկայնացվել է: Չգիտեմ՝ ինչքանով  է այն սրանից շահում, քանի որ ենթակայական՝ սուբյեկտիվ տարրն ավելանում է,իսկ ավելացման դեպքում գիտականությունը  միշտ պակասում է, բայց և մարդկանց համար թեման ավելի ընկալելի է դառնում: Վարդան Հարությունյանը շատ կարևոր գործ է արել. սա նույնիսկ խիզախություն է»,- խոսելով նոր հրատարակված գրքի մասին ասաց Պարույր Հայրիկյանը,- «Կարծում եմ, որ վերնագիրը խոցելի է.  այլախոհությունից բացի վերնագրում նաև պետք է նշվեր «ազատագրական պայքար» բառակապակցությունը, քանի որ մենք եղել ենք, այո, այլախոհներ, բայց նախ և առաջ սովետական ազատագրական  պայքարի ներկայացուցիչներ էինք»:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը նշեց, որ գրքում ներկայացված են իր երկու  դատավճիռներն  ու հուշերը: Ազատասեր ընկերների պատմությունները ոչ միայն բազում անգամ լսել է, այլ նաև շատերի կյանքի ընթացքին հետևել է իր իսկ աչքերով: Սակայն պատրաստվում է ևս մեկ անգամ ընթերցել գիրքը՝ չնայած այն փաստին, որ  չի սիրում  հիշել ծանր ժամանակները ու ապրել դրանցով, քանի որ  հիշողությունների մեջ դառնություն կա. և՛ տարիներն էին դառը, և՛  ընթերցելիս անցած-գնացած երիտասարդությունն է հիշում, հետո դժվար է լինում հայելու մեջ նայել ու երբեմնի երիտասարդի փոխարեն տեսնել արդեն սպիտակած մազերով տղամարդու:

Գրքի մասին խոսելով՝  նա հավելեց, որ այն մեր անկախության ծագման մասին է ու, իսկապես,  նախ ուղերձ  է հենց երիտասարդներին. «Մենք նոր սերնդին ուզում ենք  ցույց տալ, որ դուք ազնիվ ծագում ունեք, ձեզնից առաջ ձեր ծնողները դժվար պայմաններում պահպանել են ազատության, համերաշխության,  արդարության, լավ ապրելու և հայրենասիրության գաղափարը: Նախորդ սերունդների համար ազատ խոսելը, հայրենասեր լինելն արգելված էր: Շատերը համեստությունից ելնելով  իրենց զավակների մոտ գլուխ չեն գովում՝ ասելով, որ իրենք ծանր պայմաններում պահպանել են  ազատության ձգտումը: Հերթը հիմա երիտասարդներին է. պետք է շարունակեն մեր գործը՝  ավագ սերնդի փորձն օգտագործելով»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930