«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` նոյեմբերի 21-ին, հորդորել է «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին հացադուլը դադարեցնել:
Aravot.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք ականջալուր լինել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, Դավիթ Սանասարյանն ասաց՝ հույս ունի, որ մոտ օրերս ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմը դուրս կբերվի եւ ինքն էլ հացադուլից դուրս կգա:
Դավիթ Սանասարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պատասխանում է, որ իր առողջական վիճակն ու ինքնազգացողությունը լավ է եւ անհանգստանալու կարիք չկա. «Րաֆֆի Հովհաննիսյանն իմ կյանքում շատ լուրջ դերակատարություն ունեցող անձնավորություն է, նա քաղաքականության մեջ իմ ուսուցիչն է եղել, եւ ես նրանով եմ ոգեշնչվել, հասկանում եմ, որ պարոն Հովհաննիսյանը մտածում է իմ առողջության մասին, ուզում եմ նրան փոխանցել, որ որեւէ խնդիր չկա, շատ առողջ եմ հիմա, բժիշկների հսկողությունն անընդհատ է, ստուգումներ են անում, ճնշումս, սրտիս աշխատանքը լավ է»:
Դավիթ Սանասարյանն ասաց, որ անկախ նրանից՝ հացադուլից դուրս եկած կլինի, թե ոչ, դեկտեմբերի 5-ին լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին. «Լսել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հանրահավաքի մասին, ես այդ օրը կլինեմ նրա կողքին»:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանն արդեն 5-րդ օրն է՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է անում, պահանջելով`ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների ճակատագիրը պարզել ու նրանց հայկական կողմին վերադարձնել:
Դավիթ Սանասարյանը մտադիր է հացադուլն այնքան ժամանակ չդադարեցնել, մինչեւ որ հայ օդաչուների մարմինները դուրս չեն բերվել դեպքի վայրից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ