«Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը խոսում է պարզ մարդկային լեզվով»,- այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա նշեց, որ նախկինում ընդդիմությունը հայտարարում էր, որ իշխանափոխություն է պահանջում, քանի որ իշխանությունները լեգիտիմ չեն, իրենք կգան եւ կլուծեն ժողովրդի խնդիրները. «Այսօր ընդդիմությունը ասում է՝ մենք ուզում ենք ժողովրդի խնդիրները լուծել, քանի որ իշխանությունը մեր պահանջները մերժում է, մենք ստիպված պետք է պարտադրենք իշխանությանը՝ լուծել այդ խնդիրները: Պարտադրել նշանակում է գնալ արտահերթ գործընթացների: Առաջին անգամ ընդդիմությունը բավականին գրագետ քաղաքական օրակարգ է ձեւավորել»:
Երվանդ Բոզոյանը համարում է, որ Հայաստանի համար կա երկու ճանապարհ՝ կա՛մ գնալ քաղաքակիրթ ճանապարհով եւ փոխզիջումներ կատարել, կա՛մ էլ գնալ Ուկրաինայի տարբերակով. «Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ուկրաինական սցենարով գնա: Եթե իշխանությունը իրեն պահում է անմեղսունակի պես, ապա օբյեկտիվորեն այդ պարագայում գործընթացները կգնան ուկրաինական սցենարով: Ես չէի ուզենա, որ նախագահը հրապարակից մի անգամից՝ առանց ընտրությունների հեռացվեր: Հայաստանի պարագայում մենք ավելի լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ»:
Նրա կարծիքով՝ միակ փոխզիջումային տարբերակը, որը կարող է այս պարագայում փոխզիջումների բերել, մոտ ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է. «Միակ ձեւն է, որ ընդդիմությունը մասնակի բավարարված լինի, իսկ իշխանությունը կփորձի լիցքաթափել այդ իրավիճակը: Այդ ընտրությունները կլինեն իրար հետ հարաբերվելու քաղաքակիրթ ձեւը, եւ նույնիսկ այդ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթանակ տանի, ապա միեւնույնն է Հայաստանը կգնա ոչ թե ուկրաինական սցենարով, այլ վրացական սցենարով: Հայաստանը հնարավորություն ունի գնալ Վրաստանի ճանապարհով, որը կլինի ամենալավ տարբերակը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ