Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Ամալյան. «Հասարակությունը պետք է հասկանա, որ իդեալությունը, լիդերները էն տղերքն էին, որ կռվել են»

Նոյեմբեր 21,2014 14:39

Նոյեմբերի 22-ին տեղի կունենա Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72-ամյակին նվիրված գալա համերգ։

Համերգին ելույթով հանդես կգան Հասմիկ Պապյանը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Բաբախանյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արսեն Ղազարյանը եւ այլ հայտնի մշակութային գործիչներ։ Համերգի ընթացքում նաեւ ելույթով հանդես կգան «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, օպերայի նվագախումբը։ Հնչելու են հայ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ներկայացվելու է նաեւ Լեոնիդ Ազգալդյանի կյանքի պատմությունը ներկայացնող նոր տեսաֆիլմ։

Համերգին նվիրված ասուլիսի ժամանակ այսօր երգահան Դավիթ Ամալյանը նշեց, որ նմանատիպ համերգներ շատ քիչ են տեղի ունենում, սակայն դրանք մշակույթի ձեւավորման լավագույն ձեւն են հանդիսանում. «Հասարակությունը պետք է հասկանա, որ իդեալությունը, լիդերները էդ տղերքն էին, որ կռվեցին, որ չկան եւ եթե նույնիսկ իրենց ընկերներից ոմանք կենդանի են մնացել, իրենց արժեւորված զգան»։

Դավիթ Ամալյանը վստահ է, որ «հզոր» բառի իմաստը կորել է, քանի որ այն դարձել է նյութական արժեք. «Այսօր Հայաստանում հզոր եւ ճանաչված պետք է լինեն էն արժեքները, որոնց կարիքը ժողովուրդն ունի, իսկ այդ արժեքները մեր տղերքն են»։

Ասմունքող Արսեն Ղազարյանը, որը համերգին նույնպես ելույթ է ունենալու, իր խոսքում նշեց, որ պատերազմը չի վերջացել եւ վստահ է, որ երիտասարդ սերունդը շարունակում է երկիր պահելու գործողությունը. «Մենք նման միջոցառումների միջոցով պետք է հասկանանք, թե ով է ազգային հերոսը, ի պատասխան նրան, թե ում է Ադրբեջանը հերոս սարքում իր համար՝ Ռամիլ Սաֆարովների նման տեսակներին։ Մեր հերոսներն էլ էն տղերքն են, որոնք կռվել են եւ մեր երիտասարդները պետք է ճանաչեն նրանց»։

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նույնպես վստահ է, որ նման միջոցառումների կարիքը կա. «Կան քաղաքի տոներին, անկախության տոներին նվիրված համերգներ, որոնք ավելի ապականում են մեր երիտասարդներին։ Յուրաքանչյուր ազգ պիտի երանի տար ունենալու նման հերոսներ՝ հետագա սերունդների դաստիարակության համար»։

Պրն Գինոսյանը ցավով է նշում, որ Լեոնիդ Ազգալդյանին այդպես էլ հերոսի կոչում չտվեցին. «Այն դեպքում, երբ հերոսի կոչում է ստանում ինչ-որ փողատեր, ինչ-որ ռուս պաշտոնյա, պրն Ազգալդյանի նման զորավարը, որն իր ջոկատով ազատագրել է 27 բնակավայր, չունի հերոսի կոչում»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930