Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարինե Հովյան. «Շատ անբավարար է հեռուստաալիքների լեզվական մակարդակը»

Նոյեմբեր 21,2014 14:36

«Այսօր մեր հասարակությանը չի բավարարում մեր հեռուստատեսության լեզուն»,- այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը:

Նա նշեց, որ թյուր կարծիք կա, որ հայ հասարակությունը պահանջում է ցածրարժեք խոսք եւ այդ պատճառով են հայկական հեռուստատեսությունները մատուցում այդ խոսքը. «Փողոցային ժարգոնային խոսքը, գռեհկաբանությունը բարձրանում են եթեր հեռուստասերիալների, հումորային հաղորդումների, առանձին հաղորդումների տեսքով: Այսօր նույնիսկ ամենամեղմ չափանիշներով գնահատելիս շատ անբավարար է հեռուստաալիքների լեզվական մակարդակը»:

Տիկին Հովյանն անհիմն է համարում հեռուստալրագրողների այն արդարացումը, թե նախօրոք չեն պատրաստել իրենց խոսքը եւ այդ պատճառով են նման սխալներ թույլ տալիս. «Ի՞նչ է նշանակում հանպատրաստից: Կարելի է գոնե մեկ-երկու օր նախապատրաստել այդ խոսքը»:

Նա նկատեց, որ հեռուստալրագրողների մեծ մասն արագախոս են եւ շատ հաճախ հեռուստադիտողը չի կարողանում հասկանալ, թե հեռուստալրագրողը ի՞նչ է ասում. «Գուցե, այո՛, ասելիքը շատ է եւ պետք է արագ խոսել, գուցե ժամանակի խնդիր ունեն: Ուզում եմ ասել, որ դա այնքան էլ ճիշտ արձագանք չի գտնում մեր հասարակության մեջ: Խոսում են սխալ շեշտադրությամբ, իմացե՛ք՝ Հայաստանում շեշտը կայուն է, ընկնում է վերջին վանկի ձայնավորի վրա, բայց անընդհատ դնում են առաջին վանկի ձայնավորի վրա կամ մեջտեղում: Կամ այդ չարաբաստիկ «հա»-ն, որ անընդհատ ուզում ենք մեր ասածի հավաստումը ստանալ դիմացինի կողմից եւ անընդհատ մեր հարցից հետո կրկնում ենք այդ «հա»-ն»:

Մարինե Հովյանը հայտարարեց, որ շատ հաղորդաշարեր արժանի են փակման: Նա անդրադարձավ նաեւ հումորային հաղորդումներին. «Այնպիսի թյուր կարծիք է ստեղծվել, որ մեր գրական հայերենով, մեր մաքուր հայերենով հնարավոր չէ հումոր անել եւ ծիծաղեցնել ժողովրդին: Երվանդ Օտյանի եւ Հակոբ Պարոնյանի անունները ոսկե տառերով են գրվել մեր պատմության մեջ, ծիծաղելի չէ՞ր Երվանդ Օտյանի գրականությունը: Ինձ թվում է՝ այդ հումոր անողները եկել են այն եզրակացության, որ այսպես անհնար է շարունակել, որովհետեւ մի հաղորդագրություն եմ կարդացել երեկ, որ իրենք էլ զավզակություն են համարում իրենց արածը եւ կարծում են, որ այդպես այլեւս անհնար է շարունակել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինե Հովյան says:

    Հայերենում շեշտը կայուն է,ոչ թե` Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930