«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասուլիսում խոսելով ԵԺԿ համաժողովի մասին՝ մասնավորապես ասել էր. «Կար այնտեղ նույն համաժողովում մի ներկայացուցիչ այլ կուսակցության, որ կես ժամով ուշացավ այդ հանդիպումից, եւ տեղյակ չէր, թե առաջին կես ժամում ինչ էր տեղի ունեցել համաժողովում: Եվ այդ անտեղյակ ներկայացուցիչը, իր մասնակցության թուլությունը չկարողանալով ծածկել, զանգել էր Երեւան մի խմբագրի եւ ինչ-որ խոսել էր Պուտինից, ասել էր, որ ես ինչ-որ մուննաթ եմ եկել: Ճշմարտությունը վեր է ամեն ինչից: ԵԺԿ նախագահը բացեց ժողովը եւ ասաց, որ Վլադիմիր Պուտինը սխալ է եւ պետք է դատապարտել այդ սխալը: Այդ աղբյուրը ներկա չէր այդ խոսքի ժամանակ, իսկ երբ կես ժամ հետո ես ելույթ ունեցա, ասացի, որ այդ ճիշտն ու սխալը պետք է հավասար կիրառել բոլորի նկատմամբ, եթե Պուտին եք ասում, կա Ալիեւ»: Առանց անունը նշելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով այդ կուսակցության ներկայացուցչին՝ ասել էր. «Բավ է, հերիք է, այդ կեղծ մաչոյիզմը թողեք. Կեղծ ազգապաշտությունը թողեք»:
ԵԺԿ համաժողովին մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է «Ժառանգության» ղեկավարին. «Րաֆֆի, Դուք կրկին հիասթափեցնում եք:
Վաղուց մոռացել էի այս գործչին, որի հետընտրական անփառունակ գործունեության արդյունքում Հայաստանում կրկին տարիներով հեռու շպրտվեց գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն ունենալու հեռանկարը: Էլի չէի անդրադառնա իրեն, եթե այսօր իր ասուլիսի առյուծի բաժինը ինձ չնվիրեր: Եվ այսպես`
1. Այո՛, ես կես ժամ ուշացումով եմ մասնակցել ԵԺԿ քաղաքական համաժողովի բացմանը, քանի որ ԵՄ կրթության նորանշանակ հանձնակատարի հետ իմ առաջին հանդիպումն էր: Ու թեպետ Բրյուսելում էի կուսակցական օրակարգով, այնուհանդերձ պետական ու գերատեսչական հարցերով նույնպես զբաղվել եմ:
Կարդացեք նաև
2. Հստակ տպավորություն կար, որ Րաֆֆին բավականաչափ շփոթվել էր, երբ հասկացավ, որ իր ելույթին ես հասցրել եմ ներկա լինել և ականջովս լսել իր «պետականամետ» խոսքը:
3. ԵԺԿ-ում իմ ելույթում ես բառացիորեն խնայեցի Րաֆֆուն, շեշտելով, որ Բրյուսելում չէ, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը պետք է իրար հետ քննարկենք, ավելին՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը լիուլի բավարարում է երկրի ներսում նման բանավեճեր լիարժեք ծավալելու համար:
4. ԵԺԿ-ում Րաֆֆու ելույթի միակ նպատակը եվրոպացիների մոտ միակ «եվրոպամետ» գործչի տպավորություն թողնելն էր, սեփական ծառայությունների «ինքնաառաջարկումը»:
5. Ռուսաստանի հարցի բուռն քննարկումների ընթացքում համատեքստից լրիվ դուրս՝ Հայաստանի Եվրասիական ընտրության մասին բուռն պոռթկումը Րաֆֆիի կողմից էժան «մարտավարություն» էր, որը որևէ կապ չունի ազգային շահ, հայրենիք, սեփական պետություն և այլ հիմնարար արժեքների հետ: Դիվանագիտական այբբենարանին ուղղակիորեն հակասող վայ-մարտավարություն էր դա:
6. Մեր հայրենասեր Րաֆֆին այլևս չխոսեց ԵԺԿ-ում, անգամ երբ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրոմոնտը, որը հայտնի է իր հակահայկական նախաձեռնություններով: Շեշտեմ, որ միայն ինձ վրա մնաց նրան անդրադառնալու պատիվը:
7.Եվրասիական ընտրությունը սատարող երկու ուժերի կողքին, հարթակում, «եվրոպամետ» Րաֆֆու ներկայությունը դժվար է արդարացնել. «Կգա ժամանակ ես իրենց կողքին չեմ լինի, և նրանք ձեզ հետ կլինեն» քաղաքական հռչակումով անգամ:
Ինչևէ, ԵԺԿ-ն, լինելով Եվրոպայի լրջագույն ու առաջատար քաղաքական ուժը, կարևորագույն գործընկեր է մեզ համար, որտեղ անդամ երեք հայաստանյան կուսակցությունները, կարծում եմ, պետք է հետապնդեն բացառապես ազգային և պետական շահ:
Հ.Գ. Հուսով եմ, այսօրվա մամուլի ասուլիսում հնչած՝ մտքի մյուս փայլատակումներից հետո Րաֆֆու քաղաքական կշիռը եռյակում գոնե մի քիչ կբարձրանա»: