«Աբսուրդի ժանրից է, երբ պետությունը իր դեմ ապօրինություն է թույլ տալիս: Մի բան, որը անթույլատրելի է. այն, որ պետք է ինքը քաղաքացիների վարքագծին հետեւի, որ անօրինական քայլ չանեն, արի ու տես, որ իրենք են անթույլատրելի քայլ անում, որի համար քաղաքացիները պետք է օրենքի դաշտ բերեն կառավարությանը»,-այսօր, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով համալիրում ՀՀԿ երիտկազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգից հետո բռնկված հրդեհին:
Նա նշեց, որ հրդեհի հետ կապված 2 կարեւոր փաստ կա, որոնք պետք է հասկանալ`«Նախ այն, որ միջոցառումը տեղի է ունեցել ամբողջությամբ ապօրինի, քանի որ ունենք հստակ վիճակ, որ գույքը պետք է չշահագործվեր, այդ գույքը, նույնիսկ, Մարզահամերգային համալիրին չի պատկանել` պատկանել է տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անհատների, եւ 2-րդ` եղել է վնաս, որը մեր հաշվարկներով կազմում է մոտ 200 մլն, որը ահռելի գումար է, վառվել է միայն սաունան եւ հարակից 25 քառակուսի տարածք ջերմահարվել է, մենք հաստատ գիտենք` այրվել է նաեւ ֆրանսիական բարձրորակ տեխնիկան, որի մասին ոչ ոք չի խոսում»:
Խոսելով վնասների մասին` պարոն Գրիգորյանը շեշտեց որ, բացի այրված մակերեսից ջրի մեծ քանակությունն էլ իր հերթին է վնաս պատճառել, որը 100, 200 լիտր ջրի մասին չէ, այլ 10-20 տոննա ջրի, որը եւս պետք է հաշվի առնել:
Ըստ Կորյուն Գրիգորյանի, եթե կա հրդեհ, ապա համարվում է քրեական գործ, իսկ Մարզահամերգային համալիրի դեպքում ավելի խիստ պետք է վերաբերվեն գործին: «Հիմա ուզում եւ պահանջում ենք, որ լինի համապատասխան պրոցես, հստակ երեւան մեղավորները` ով է մուտք գործել սաունա, չեմ կարծում լույսերն անջատված, դուռը փակ սաունան կարող էր ինքն իրեն այրվել: Երկրորդը անփութությունը` շենքում հրդեհ է բռնկվում վերջում կազմակերպիչներն ե՞ն իմանում: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ պահանջում են իրենց ներկայացնել վնասի իրական չափը եւ պատասխանատվություն կրեն իրենց կատարածի համար. «Եթե միջոցառում եք անում ինչպես շենքի, այնպես էլ այնտեղ գտնվող մարդկանց պատասխանատվությունը գալիս է ձեզ վրա: Մի բան շատ հստակ է, սա այն դեպքը չէ, որ ծածկադմփոց անենք` գնա, հետամուտ ենք լինելու , մինչեւ Եվրադատարան»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ