Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի երիտասարդները ծանոթանում են հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներին

Նոյեմբեր 21,2014 13:06

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։

Նոյեմբերի 20-ին հերթական հանդիպումը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր։ Միջոցառմանը ներկա էին «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Յուրա Ղուլյանը, «Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, աշակերտներ և ուսանողներ։

«Արծվաշեն և որդիներ» ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշեց, որ ծրագրի թիրախային խումբը պատահական չի ընտրվել. մինչ ծրագրի մեկնարկը հարցախույզ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ երիտասարդության շրջանում առկա է ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցների մասին իրազեկվածության աստիճանի ցածր մակարդակ։ Մասնավորապես, հարցվածների ընդամենը 7 տոկոսն էր տեղյակ Արցախյան պատերազմին վանաձորցի ազատամարտիկների մասնակցության մասին: Վանաձորի ջոկատների մասին տեղյակ են եղել 2 տոկոսը, վանաձորցի ազատամարտիկներին գիտի 31 տոկոսը, այն էլ՝ իրենց ռազմագիտության ուսուցչին կամ էլ ծանոթ-բարեկամին:

Յուրա Ղուլյանը նկատում է, որ նման հանդիպումներով փորձում են բարձրացնել Վանաձորի կամավորական ջոկատների, ազատամարտի մասնակիցների մասին տեղեկացվածության մակարդակը քաղաքի պատանիների ու երիտասարդների շրջանում:

«Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Վանաձորում կազմավորված ջոկատները, անցած մարտական ուղին: Նշենք, որ Արցախյան ազատամարտի տարիներին Վանաձորում ձևավորվել է 9 ջոկատ («Զորավար Անդրանիկ», Հատուկ գնդի «Գուգարք» վաշտ, «Նժդեհ» ԱԻՄ, «Վանաձոր», «Անի», «Սամսոն», «Վրեժ», «Էրզրում-Կարին», «Վան»), որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի ազատագրմանը։ Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ վանաձորցիները մասնակից են եղել Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գրեթե բոլոր մարտական գործողություններին։ Վանաձորը մինչև զինադադարի կնքման պահը տվել է 202 զոհ։ Վանաձորցիների թվում եղել են նաև մահապարտներ, ովքեր համալրել են մահապարտների գումարտակը։

Գնդապետ Հովհաննիսյանը նշեց նաև, որ երիտասարդների հետ յուրաքանչյուր հանդիպմանը ներկայացվում է Վանաձորում ձևավորված ջոկատներից մեկը, անցած ուղին, հրամանատարներին և մարտիկներին, որպեսզի պատերազմից հետո ծնված սերունդը ճանաչի մերօրյա հերոսներին։

Կամո Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ վերջերս  ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ» կամավորականների միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Բացի այդ, տպագրվել է ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկ։ Սրանք քայլեր են, որոնք, ըստ պարոն Հովհաննիսյանի, պատշաճ կերպով կփոխանցեն Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մատաղ սերնդին:

Նշենք, որ «Զինվորը չի մեռնում» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930