«Հրաշալի է, որ մեր ժողովուրդն այսքան հիասթափություններից հետո էլի պայքարում է, ուզում է փրկել իր հայրենիքը, իր ընտանիքը եւ պատրաստ է գալ հրապարակ»,- այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ բոլորն ասում էին միացյալ հրապարակ, հիմա այդ միացյալ հրապարակը կայացել է, եւ դա արժեք է. «Հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի օրակարգն ամբողջական չէ: Մենք պիտի ունենանք այդ շիտակությունը, տղամարդկությունը՝ ասելու, որ որոշ հարցեր կան, որոնք մնում են բաց: Հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման հարցը եւ որոշումների կայացման անհրաժեշտության հարցը: Մինչեւ հիմա այս հարցով դուք հանդիպել եք Ռուբենի ու Արմենի հետ: Մինչեւ հիմա չկա համաձայնություն ոչ շարժման հուշագրի վերաբերյալ, ոչ էլ հրապարակայնացման մասին»:
Նա ասաց, որ հրապարակել է մի նախագիծ, որը պետք էր ժողովրդին ներկայացվեր բաց տեքստով, ոչ թե գաղտնի՝ շարժման հրապարակման սկզբունքներով:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե միասին պետք է լծվեին խորհուրդներ, գրասենյակներ ստեղծելուն, որ որոշումները պետք է կայացվեին միասին՝ կոնսենսուսով, իսկ որոշումը պետք է լինի բաց: Սա է Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքը՝ Եռյակում աշխատանքների մասին:
Կարդացեք նաև
«Ժառանգության» նախագահը վստահեցրեց, որ իրենք իսկապես հավատում են շարժմանը, բայց ճշմարտության պահը եկել է, պետք է բաց ու հրապարակային հասնեն համաձայնության՝ հետագա գործողությունների վերաբերյալ. «Մենք գործելու ենք խորհրդարանում եւ դրանից դուրս մեր գործընկերների հետ՝ այդ համաձայնությունն իրացնելու համար: Մինչ այդ նոյեմբեր ամսին նվազագույնը մեկ անգամ պետք է հրապարակ իջնեն, ներկայանան ժողովրդին, ներկայացնեն, ասեն: Դա մեր տեսակետն է: «Ժառանգությունը», ինչպես ՀԱԿ-ը, իրազեկել են հանրահավաքների մասին»:
Նա հայտարարություն արեց իր նոր որոշման մասին՝ սկսելու հանրահավաքների շարք եւ ասաց, որ ուրախ կլինի իր անունը հանի եւ լինի կուսակցությունների, քաղաքացիների անունը՝ դրա տակ: Նա կարդաց հրավեր՝ քաղաքացիական ժողովի, որը պետք է տանի ամբողջական իշխանափոխության. «Երեւան, ուրբաթ օրը ժամը 5-ին՝ Ազատության հրապարակ: 10 մարդ կլինի, թե 10 հազար՝ ես այնտեղ եմ լինելու»:
Դրանից հետո հաջորդ հանրահավաքը լինելու է մարզերում՝ դեկտեմբերի 6-ին Վանաձորում՝ Արցախ պուրակ եւ նույն օրը Գյումրիի Աճեմյանի անվան Թատերական հրապարակում՝ ժամը 17.00 –ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ