Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ բրյուսելյան հանդիպումներին: Նա ասաց, որ հայոց մամուլում անդրադարձ կար այդ հանդիպումներին, իր պահվածքի, իր արժանապատվության մասին. «Կար այնտեղ նույն համաժողովում մի ներկայացուցիչ այլ կուսակցության, որ կես ժամով ուշացավ այդ հանդիպումից, եւ տեղյակ չէր, թե առաջին կես ժամում ինչ էր տեղի ունեցել համաժողովում: Եվ այդ անտեղյակ ներկայացուցիչը, իր մասնակցության թուլությունը չկարողանալով ծածկել, զանգել էր Երեւան մի խմբագրի եւ ինչ-որ խոսել էր Պուտինից, ասել էր, որ ես ինչ-որ մուննաթ եմ եկել: Ճշմարտությունը վեր է ամեն ինչից: ԵԺԿ նախագահը բացեց ժողովը եւ ասաց, որ Վլադիմիր Պուտինը սխալ է եւ պետք է դատապարտել այդ սխալը: Այդ աղբյուրը ներկա չէր այդ խոսքի ժամանակ, իսկ երբ կես ժամ հետո ես ելույթ ունեցա, ասացի, որ այդ ճիշտն ու սխալը պետք է հավասար կիրառել բոլորի նկատմամբ, եթե Պուտին եք ասում, կա Ալիեւ: Բացեք այդ թերթը եւ տեսեք ինչպես է ներկայացրել իմ խոսքը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ԵԺԿ-ում ասել է այն, ինչ ասել է ՌԴ-ում եւ ամենուրեք. «Սա Հայաստանի խնդիրն է, ՀՀ ինքնիշխանության խնդիրն է: Մենք դեմ ենք ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը, կողմ ենք երկկողմանի ռազմավարական գործընկերությանը Չինաստանի, ՌԴ-ի, այլ երկրների հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով այդ կուսակցության ներկայացուցչին՝ ասաց. «Բավ է, հերիք է, այդ կեղծ մաչոյիզմը թողեք. Կեղծ ազգապաշտությունը թողեք»:
Հարցին, թե ո՞վ է այդ մաչոն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հուշեց՝ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի մի քանի օր առաջվա համարը: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել:
Կարդացեք նաև
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ԵԺԿ համաժողովին Բրյուսելում մասնակցել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հրապարակի» լուրի համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հարկ է համարել «մուննաթ» գալ ԵԺԿ-ի վրա, որ վերջինս 2013թ. ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, իսկ ԵԺԿ ղեկավար Վ. Մարթենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, որից հետո Րաֆֆին անցել է նամակի «բուն բովանդակությանը»` տեղեկացնելով «Յուրոփին», որ հայաստանյան պառլամենտում մնացել է մեկ եվրոպական ուժ, եւ այդ մեկ ուժն իրենք են, եւ որ իրենք առաջիկա օրերին դեմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, իսկ ԵԺԿ անդամ մյուս 2 կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, եւ ԵՏՄ-ի կողմնակից են, եւ ԵԺԿ անդամ: ԵՏՄ-ասեր ԲՀԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում կանգնող, վերջիններիս հետ եռյակ կազմած «Ժառանգության» առաջնորդը հարկ է համարել նաեւ եվրոպացիներին դուր գալու համար Պուտինին դիտարկել Ալիեւի եւ Էրդողանի հետ նույն շարքում: Վեհաժողովում ելույթ ունենալով՝ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին ասել է, որ չի ցանկանում գործընկերոջ հետ պալեմիկայի մեջ մտնել եւ ԵԺԿ բարձր ամբիոնը դարձնել ներքաղաքական դիսկուրսի վայր, քանզի հայաստանյան իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, իր քաղաքականության մեջ առաջնորդվել եւ առաջնորդվում է միմիայն ազգային շահով, եւ որ ԵՄ փորձագետներն էլ այն կարծիքին են, որ այսօր ավելի, քան երբեւէ, ԵՄ-ն պետք է Հայաստանին, իսկ Հայաստանը` ԵՄ-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ