Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսի սկզբում հայտարարեց, որ չի պատասխանելու լրագրողների հարցերին, բայց կփորձի հնարավոր հարցերին սպառիչ պատասխան տալ:
Նա հայտարարեց, որ հպարտ է Դավիթ Սանասարյանով. «Կոչ եմ անելու, որ Դավիթը դուրս գա հացադուլից եւ իր առողջությանը վնաս չտալով՝ լծվի մեր պայքարին: Դավիթ, խնդրում եմ, որ դուրս գաս հացադուլից»:
Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը խոսեց հայկական խոցված ուղղաթիռի մասին. «Իհարկե, դատապարտում եմ Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը՝ Արցախի ուղղաթիռի խոցումը: Որեւէ պատճառ կամ պատրվակ չկա դրա համար: Դա պիտի դատապարտվի ոչ միայն հայի, այլեւ մարդկության կողմից: Դա Ադրբեջանի քաղաքականության որակի եւ նպատակների մասին վերջին ցուցանիշն է, եւ Ադրբեջանը պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային, տմարդի քայլի համար: Որեւէ պատճառ կամ պատրվակ չկա, որ հայոց Արցախի ուղղաթիռը զորավարժության պիտի մասնակցի թշնամու դիրքերից 150 մետր հեռավորության վրա: Ինչպե՞ս է լինում, որ Արցախի դիրքերից 350 մետր հեռավորությամբ, իսկ թշնամու դիրքերից 150 մետր հեռավորությամբ է ուղղաթիռը գնում: Այս հարցի պատասխանը բաց է, բոլորիս կողմից կա այս հարցը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս հարցի պատասխանն արդեն պետք է տա հայկական կողմը: Ընդ որում, նա ընդգծեց. «Ակնհայտ է՝ հայկական ուղղաթիռը խոցվեց ռուսական հրթիռով, իսկ կոդերը մեր աշխարհում միակողմանի չեն բացվում, բազմակողմանի են բացվում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ որեւէ մեկի կողմից պետք է կասկած չհարուցի, որ Արցախը պետք է ճանաչվի: Անվտանգության հարցերը պետք է լուծվեն հիմա, ոչ թե հաջորդ ուղղաթիռից հետո. «Ոչ միայն Հայաստանն իր պետականությամբ՝ լավ թե վատ, այլ նաեւ Արցախն իր պետականությամբ պատրաստ չէ ճանաչմանը: Արցախը պետք է պատրաստ լինի ինքը դրան: Քանի դեռ ՀՀ-ում չկա նոր իրավական, լեգիտիմ իշխանություն, ես եւ «Ժառանգությունն» այլեւս երբեք չենք բարձրացնելու այս հարցը: Կարող է Բրյուսելում խոսեմ Արցախի մասին, Ցեղասպանության մասին, բայց քանի դեռ մեր ազգային օջախը, Արցախը կարգի չենք հրավիրել, իրավունքի երկիր չենք դարձրել, մենք չենք բարձրացնի այս հարցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ