Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեում Հայաստանն այսուհետ կունենա երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի ազգային պլատֆորմի նորընտիր համակարգող Միքայել Հովհաննիսյանը և Միջանձնային կապեր աշխատանքային խմբի կոորդինատոր, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնության աջակցման կենտրոն հ/կ ծրագրերի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` նոյեմբերի 20-21-ը Բաթումիում ընթանում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեցերորդ համաժողովը: Հայաստանի պատվիրակությունն ընտրեց ազգային պլատֆորմի համակարգողին, և Միջանձնային կապեր աշխատանքային խմբի կոորդինատոր ընտրվեց Հովսեփ Խուրշուդյանը:
Aravot.am-ը պարոն Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ արդյոք ֆորումի կազմում աշխատանքային խմբի այս ձևաչափն արդյունավե՞տ է, նա պատասխանեց. «Որպես ռեսուրսներով ապահովված հարթակ՝ Եվրամիությունը տալիս է այդ հնարավորությունը: Մնում է խմբի և ենթախմբերի համակարգողներն աշխատեն»: Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, առաջարկում է անդամ երկրներում ստեղծել կենտրոններ, որտեղ կներկայացվեն Եվրաինտեգրման հեռանկարները, գաղափարը և այլ հարցեր:
Մեր դիտարկմանը՝ այժմ Եվրոպան միատարր չէ, տարբերություններ կան օրակարգի և սկզբունքների տեսանկյունից, դժվար չի՞ լինի աշխատանքը, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Միշտ էլ դժվար է, երբ արտաքին բացասական ազդակները շատ են: Խնդիրը միայն Եվրոպայից չի գալիս, մենք ՀՀ-ում դիմակայում ենք ռուսական վտանգներին, մեր երկիրն ունի ինքնիշխանության խնդիր, իսկ այդ խնդրի լուծման համար այս հարթակը կարող է լինել արդյունավետ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում նկատվող անորոշությունը վտանգավոր չէ՞, պարոն Խուրշուդյանն արձագանքեց. «Երկու կողմից էլ կա հստակ որոշակիություն: ՀՀ իշխանությունները ստորագրել են Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիր, որոշակի է նաև Եվրոպայի դիրքորոշումը: Հիմա Եվրոպան պատրաստ է սեկտորալ համագործակցության, անկախ այդ անհեթեթ որոշումից»:
Մեր դիտարկմանը, թե Եվրոպայի արձագանքներին ի պատասխան չի նկատվում ՀՀ իշխանությունների արձագանքը, պարոն Խուրշուդյանը հակադարձեց. «Լավ էլ կա, քանի որ առանց դրա չեն կարող այդ գումարները ստանալ Եվրոպայից, քանի որ մեր իշխանության ուշքն ու միտք է այն, որ գումարներ նաև Եվրոպայից գա»:
Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ Ասոցացման համաձայնագիրն այս իշխանության օրոք ՀՀ-ն չի ստորագրվի, բայց սեկտորալ համագործակցության և այլ ձևաչափեր այսօր կան սեղանին, և հենց դրանց շրջանակներում էլ ԵՄ-ն ֆինանսավորում է Հայաստանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ