Հանրապետական կուսակցության կամ իշխանական շրջանակներում, այնուամենայնիվ, քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: Խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի՝ մեծամասնական ընտրակարգին վերաբերող դրույթներին:
Հայտնի է, որ ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցություններն իշխանություններից պահանջում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերացնել մեծամասնական ընտրակարգն ու անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս պահանջը մոտ հինգ ամիս առաջ ընդգրկվել էր քառյակի՝ իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջներում, որոնք մերժվել էին կառավարության կողմից: Իսկ վերջերս, երբ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց, թե ինքը կառավարությանը հանձնարարել է կրկին անդրադառնալ այդ 12 կետերին, ոչ իշխանական եռյակը հակադարձեց, թե որպեսզի իշխանություններն ապացուցեն, որ իսկապես անկեղծ են իրենց առաջարկություններում, ապա նախ թող կատարեն 10-րդ կետը: Վերջինս ենթադրում էր Ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ անցում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին և ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակում: Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանականներին առաջարկել էր այդ կետերը քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծել: Եվ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ միասին վարչապետի այդ առաջարկը ներկայացրել էր խմբակցություններին: Ոչ իշխանականները կրկին իրենց նախապայմանն էին առաջ քաշել և կրկին մերժում ստացել:
Արմինե Ավետյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում