Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ անհամարժեք» հարվածը նույնպես պիտի ռուսական արտադրության զենքով հասցվի. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 21,2014 11:44

Շփման գծում հայկական ուղղաթիռի խփվելուց հետո Հայաստանում «ռուսամետների» ու «արեւմտամետների» միջեւ «գաղափարական պայքարը» բռնկվել է նոր ուժով: «Արեւմտամետները» Ռուսաստանին են մեղադրում (որովհետեւ ուղղաթիռը ռուսական արտադրության զենքով է խոցվել), «ռուսամետները»՝ Արեւմուտքին (որովհետեւ Արեւմուտքն առանձնապես խստորեն չդատապարտեց միջադեպը ու հիմա էլ գրեթե ոչինչ չի անում զոհված օդաչուների մարմինները վերադարձնելու համար):

Փորձենք հասկանալ։ Սկսենք Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներից։ Ուղղաթիռն իսկապես ռուսական արտադրության զենքով է խփվել, բայց այնպես չէ, որ հայկական ուղղաթիռը «Երազ» գործարանում էր արտադրվել, այն նույնպես ռուսական էր։

Եվ ընդհանրապես՝ այս օրերին, երբ խոսվում է ադրբեջանական կողմին «մի քիչ անհամարժեք» պատասխան հասցնելու մասին, ենթադրվում է, որ այդ հարվածը նույնպես պիտի ռուսական արտադրության զենքով հասցվի։ Ի դեպ՝ օգոստոսին էլ մենք ադրբեջանցիների «պորտը տեղը դրեցինք» ռուսական արտադրության զենքով։ Այնպես որ՝ կոնկրետ ուղղաթիռի խոցման դեպքում զենքի «ծագման երկիրը» կապ չունի։

Հիմա՝ Արեւմուտքի հասցեին հնչող մեղադրանքների մասին։ Այո, Արեւմուտքն, ինչպես միշտ, հանդես եկավ լղոզված հայտարարություններով։ Ավելին՝ կարելի է չկասկածել, որ եթե հայկական կողմն ադրբեջանական ուղղաթիռ խփած լիներ, Արեւմուտքի հայտարարությունները շատ ավելի կոշտ կլինեին։ Բայց պատճառն ամենեւին էլ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» չէ, ոչ էլ այն, որ «հայերին չեն սիրում»։ Պարզապես պետք է հասկանալ, որ մենք Արեւմուտքում ընկալվում ենք որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, համարյա՝ որպես Ռուսաստանի կցորդ, իսկ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։ Այսինքն՝ այս հարցում մենք Արեւմուտքի համար պոտենցիալ թշնամի ենք, Ադրբեջանը՝ պոտենցիալ բարեկամ։ Քսան տարի է՝ ինչ-որ մարդիկ փորձում են հասարակությանը բացատրել սա, ու քսան տարի է՝ ոչինչ չի ստացվում, հասարակությունը շարունակում է «հայանպաստ դիրքորոշում» ակնկալել Արեւմուտքից։ Ու ամեն անգամ զարմանում է՝ ամեն օր բանանի նույն կեղեւի վրա սայթաքող փիլիսոփայի նման։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930