Հատված ՀԺԱՄ կուսակցության նախկին ղեկավար, ՀՀԿ ցուցակով համամասնական պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանի հարցազրույցից:
– Ոչ բոլորն են ցանկանում քաղաքական առուծախի մեջ մտնել, ինչպես Ձեր դեպքում եղավ։ Ժամանակին Դուք էլ ՀՀԿ-ի թունդ ընդդիմադիրներից էիք, հետո երկխոսվեցիք ու հիմա դարձել եք իսկական ՀՀԿ-ական։
– Հիմա ես չգիտեմ իսկական եւ ոչ իսկական ՀՀԿ-ականը որն է, բայց ՀԺԱՄ-ը փոքր ու միջին բիզնեսի պաշտպանության շահերից էր հանդես գալիս, իսկ ՀՀԿ-ն դա ընդգրկել է իր հայեցակարգային ծրագրերում։ Մի խոսքով, ես էստեղ խորթություն չեմ զգում, ինձ լավ եմ զգում։
Հիմա վերադառնամ եռյակին։ ՀՀԿ-ն համագործակցության առաջարկ արեց, իրենք նախ նախապայման առաջ քաշեցին, հետո հրաժարվեցին։ Իսկ մենք ասում ենք՝ եկեք քննարկենք ու կատարենք, դրա համար ժամանակագրություն պետք է լինի, հո միանգամից չե՞ն կատարվելու։ Այսինքն՝ մենք պատրաստակամ ենք դա անելու, բայց ես տեսնում եմ, որ մեր գործընկերներն անընդհատ պահանջներ են փոխում, այսինքն՝ «վատ պարողին միշտ էլ ինչ-որ բան խանգարում է», եւ ես տպավորություն ունեմ, որ իրենք միշտ ուզում են մնալ արդիական, ընդդիմության կարգավիճակով եւ ինչ պահանջ էլ որ ձեւակերպեն, ու իշխանությունն անի, համոզված եմ, որ եւս մի պահանջ առաջ կբերեն, որ չհամաձայնեն երկխոսությանը։ Հիմա իշխանությունն ասում է՝ եկեք բարեփոխենք Սահմանադրությունը, եւ այդ բարեփոխված Սահմանադրությունում բոլորդ էլ ձեր տեղը կունենաք արեւի տակ՝ համապատասխան չափաբաժնով, որ դուք կցանկանաք ստանալ։
– Իրենք համաձայն չեն ձեր առաջարկած գործարքին եւ ասում են, որ մենք ամբողջ իշխանությունը կվերցնենք, կմերժենք Սահմանադրությունը, որով առաջարկում եք հավերժացնել ձեր իշխանությունը։
– Նախ մենք գործարք չենք առաջարկում, այլ՝ համագործակցություն, որպեսզի երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծենք։ Բացի դա, իրենք իրենց մտածողության մեջ այդքան էլ ազնիվ չեն, մի շարք խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրի առջեւ, դրանք նաեւ այն ժամանակներից են, երբ երկրի կառավարմանը մասնակից էին նաեւ այդ սուբյեկտները, հիմա դրանք մոռացել են եւ խնդիրների լուծման պատասխանատվությունը վերագրում են միայն ՀՀԿ-ին։
Ես լուրջ չեմ վերաբերվում եռյակի իշխանափոխության կոչերն. սկսած 91 թվականից, երբ նոր նախագահ ու պետություն ունեցանք, ընդդիմությունը միշտ նման կոչեր է արել։ Քավ լիցի, դա նրանց իրավունքն է եւ իրենց պարտականությունը։ Երեւի եռյակն էլ հաշվարկել է ու պիտի մինչեւ հաջորդ ընտրություն զգոն մնա, որ դժգոհ զանգվածների ամբողջ պոտենցիալը կուտակեն։
Բացի դրանից, մեծ հակասություն կա նրանց պահանջների մեջ, մի կողմից ասում են. փոխեք ընտրակարգը՝ դարձնելով ամբողջովին համամասնական, մյուս կողմից ասում են՝ պահպանենք նախագահական մոդելը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում